Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նազիկ
A A
Պաշտոնական

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը յուրացնելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը:

Նշված գործընթացին զուգահեռ Նազիկ Ամիրյանը 2003թ. մարտի 12-ին իր մտերիմի անվամբ հիմնադրել է փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերություն, որից հետո վերջինս որպես ֆիզիկական անձ մասնակցել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված աճուրդին և աճուրդի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով, շուկայականից էականորեն ցածր գնով գնահատված՝ 8.318.880 ՀՀ դրամով, ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 9263,32 քմ տարածքով արդյունաբերական արտադրամասը: Այնուհետև, 2003թ. դեկտեմբերի 16-ին իրեն փաստացի պատկանող ընկերության և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջև կնքված պայմանագրով, Նազիկ Ամիրյանը նույն եղանակով՝ 547.500 ՀՀ դրամով ձեռք է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող 86 անվանում անշարժ և շարժական գույքերը: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:

Այդ եղանակով Նազիկ Ամիրյանը վերը նշված առանձնապես խոշոր չափերի՝ 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքը դուրս է բերել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության ֆոնդից և ներդրել փաստացի իրեն պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում, որից հետո 2004թ. մայիսի 4-ին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով 220.020.000 ՀՀ դրամով վաճառել է նշված ՍՊ ընկերությունը:

Նազիկ Ամիրյանի՝ վերոնշյալ գործողությունների արդյունքում ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ՝ իրականում 221.970.000 ՀՀ դրամ արժեքով գույքի օտարումը ընկերությունից իրականացվել է ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով, փաստացի տարբերությունը կազմող միջոցները ստացվել են դրա 80% բաժնեմասի սեփականատեր Նազիկ Ամիրյանի անձնական ֆոնդում, այլ ոչ թե ընկերությունում, որի հետևանքով ընկերությունը դատարանի 29.12.2003թ. վճռով ճանաչվել է անվճարունակ, իսկ ընկերությանն ու ընկերության պարտատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 213.103.620 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը) նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 
հետ կապերի բաժին