Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազ
A A
Հասարակություն

Գազի սակագնի շուրջ քննարկումները շարունակվելու են (տեսանյութ)

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագնի վերանայման հայտով դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, խոսելով գազի ներկայիս սակագնի վերանայման գործընթացի մասին, նշեց, որ դեռևս 2019 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող բնական գազի գինը 1000 մ3-ի համար ավելացել է 15 դոլարով՝ 150 դոլարի փոխարեն կազմելով 165 դոլար, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնետերն այլևս չստանձնեց բնական գազի գործող սակագներում նախատեսված այլ աղբյուրներից ձևավորվող 13,4 միլիարդ դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը։ 

«Սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած 283,14 ԱՄՆ դոլարի փոխարեն հանձնաժողովի աշխատակազմը հաշվարկել է 266,71 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն»,- ընդգծեց Ուլիխանյանը։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետի խոսքերով՝ հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը՝ բացառապես անապահով սպառողներին, տարեկան մինչև 600 մ3 բնական գազի սպառման, վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 մ3-ի համար, սոցիալապես անապահով սպառողներին տարեկան մինչև 600 մ3 բնական գազի սակագնինը նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ 1000 մ3-ի համար, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակմամբ զբաղվող (պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներ) մարդկանց համար բնական գազի սակագինը 1000մ3-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 

«Իսկ մնացած սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար, առաջինը՝ ամսական մինչև 10 հազար մ3-ի համար շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 մ3-ի համար, և ամսեկան 10 հազար մ3 գերազանցող բնական գազի համար սահմանել յուրաքանչյուր 1000 մ3-ի համար 255,92 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սակագին»,- ասաց նա։

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրաչ Թադևոսյանն ասաց, որ գազը 255 դոլարով վաճառել են ու վաճառում են մինչև այսօր, ընկերությունը գազը գնում է 165 դոլարով, իսկ այս թվերի տարբերությունից ստացված 90 դոլարից մոտ 43 դոլարը, ընդհանուր տարեկան կտրվածքով 43 միլիարդ դրամ՝ վճարում է ՀՀ բյուջե։ «Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ին մնաց ընդամենը 47 դոլար։ 47 դոլարից տեխնիկական կորուստներից հետո մնաց 35 դոլար։ Այդ 35 դոլարից 19 դոլարն աշխատավարձն է»,- նշեց Թադևոսյանը։

Վերջինիս խոսքերով՝ եթե 275 դոլար լինի գազի սակագինը 165 դոլարով ներկրման պարագայում, ապա դրանից մնում է 110 դոլար, որից 46 դոլարը գնալու է ՀՀ բյուջե (ԱԱՀ), մնալու է 64 դոլար, որից 9 դոլարը կլինի կորուստների գումարը,  և «Գազպրոմ Արմենիա»-ին 275-ից մնալու է 55 դոլարը։  


Քննարկմանը մասնակցող, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության հիմնադիր Վազգեն Սաֆարյանն հայտարարեց, որ 1-2 օրվա ընթացքում, գուցե երկուշաբթի օրը ՀԽ-ում քննարկում է կազմակերպվելու, և խնդրեց ՀԾԿՀ-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից ներկայացուցչներ լինեն։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում