Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Քաղաքականություն

Փոստային բոլոր բաժանմունքների վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն․ Հակոբ Արշակյան

«Հիմա մեր պրոբլեմը, որ ունենք, ամենևին առողջապահական համակարգում չէ, այլ համակարգից դուրս։ Եվ խոսքը վերաբերում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ կանոնների չպահպանման առումով ռիսկերի գոտիներից մեկը բանկային համակարգն է, և այսօր առավոտվանից նորից տեղեկություններ են ստացվում, որ բանկերի մոտ կրկին կանոնները չեն պահպանվում։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կարծիքով՝ երեկ բավականին լավ արդյունքներ են գրանցվել թե՛ սոցիալական տարածությունների պահպանման մասով, թե՛ դիմակների, ախտահանող տարբեր միջոցների տրամադրման, նոր սարքերի տեղադրման առումով։ 

«Այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել երկու մարզից, մեկն էլ՝ Երևանից։ Մեկում մենք նույնիսկ կասկածում էինք, որ պրովոկատիվ ինչ-որ բաներ կան, կապվել ենք Ոստիկանության հետ, այդ հարցը, ոնցոր թե, լուծվում է։ Մարզերում էլի խնդիրը կապված էր թոշակների հետ, սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, որոնք դեռ չէին հասցրել վերջնական իրենց գումարները ստանալ»,- նշեց ԿԲ նախագահը։

«Հայփոստ»-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ երեկ մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի թոշակառուի, կենսաթոշակառուի սպասարկման ծավալներ կային, կուտակումների հետ կապված խնդիրներ են եղել։

«Փոստի բոլոր բաժանմունքների վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ արդեն իսկ օրվա երկրորդ կեսին մենք դրական տեղաշարժ ունեինք այս առումով։ Երեկվա ընթացքում գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները։ Այսօր շարունակվում են աշխատանքները, և օրվա վերջում արդեն մեծամասամբ կունենանք այդ գծանշումները»,- ընդգծեց Արշակյանը։

Նաև հավելեց, որ պարետի որոշմամբ՝ այս ամսի թոշակները նույնպես փոստատարների միջոցով կբաժանվեն։