Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ես Գագիկ Մկրտչյանի վիրավորման, մահվան հետ բացարձակապես կապ չունեմ․ Արմեն Բիլյան (տեսանյութ)

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստը։

Արմեն Բիլյանի փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց ՀՀ Ոստիկանության փորձագետներ Ասլանյանին, Ալեքսանյանին և Առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնի փորձագետներ Հարությունյանին, Գ․ Հարությունյանին փորձաքննության պարզաբանման համար հարցաքննության կանչելու վերաբերյալ։
 
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի մասով է առանձնացրել միջնորդությունը․ «Գագիկ Մկրտչյանի  (Ոստկանության աշխատկից, ավագ ենթասպա, մահացել է հարզենային վնասվածքից ՊՊԾ գնդի գրավման օրերին - հեղ․) հագուստի վրա հրազենային վնասվածքներ կան, թե՞ ոչ, եթե այո, ապա որտե՞ղ են գտնվում վնասվածքների ելքի և մուտքի անցքերը, քանի՞ կրակոց է արձակվել, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ տարածությունից, ի՞նչ տրամաչափի զենքից և ի՞նչ ուղղությամբ»,- շարունակեց նա՝ այլ հարցեր եւս ներկայացնելով։ 
 
Բիլյանը նույնպես միացավ Փոստանջյանի միջորդությանը՝ նշելով․ «Ես Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ, մահվան հետ բացարձակապես կապ չունեմ։ Այնտեղ չեմ էլ եղել։ Ինձ համար շատ կարևոր է, որ հանրությունը և տուժողն իրականությունն իմանան»։
 
Պավել Մանուկյանն ասաց, որ փորձագիտական նմուշ վերցնելու համար փորձագետները վերցրել են ինքնաձիգի բացած անցքի շրջակա տարածքից, և եթե աշխարհի ամենանշանավոր փորձագետն էլ լինի, բացարձակապես հնարավոր չի լինի պատկերացում կազմել, թե ինչ տրամաչափի ինքնաձիգով է խփած, և արդյոք այդտեղով ինքնաձիգի փամփուշտ անցե՞լ է, թե՞ ոչ։
 
Դատախազ Պետրոս Պետրոսյանը դեմ արտահայտվեց ներկայացված միջնորդությանը։ Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, միացավ դատախազի առարկությանը։ 
 
«Գագիկ Մկրտչյանը, որ վիրավորվեց այդ օրը, ոնց հասկացա, կազմակերպիչ պարագլուխներն այստեղ նստած են։ Էդ 20-30 օրվա մեջ, որ իրենք գնդում են եղել, ոստիկաններ են զոհվել։ Ու մի՞թե այդ ընթացքում իրենք իրար մեջ չեն խոսել, թե ով կրակեց ու ինչ արեց»,- ընդգծեց նա։ 
 
Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը։ 
 
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 10-ին։
 
Մանրամասները՝ տեսանյութում