Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավինյան
A A
Պաշտոնական

Պարետի որոշումը կորոնավիրուսի՝ ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունների մասին

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ
(COVID-19) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ
ՌԵԱԿՑԻԱՅԻ (ՊՇՌ) ՄԵԹՈԴՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`


1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվում է
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով
պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր
հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն
տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ
մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության
(այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ:


2. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար
լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և
որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու
պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով:


3. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով, ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու
համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են
Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության
նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ
տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:


4. Տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև
կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների
համապատասխանությունը գնահատվում է Առողջապահության նախարարի
հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում այցելության միջոցով,
ինչի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն։


5. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար
նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները,
ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են
իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության
ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ»
համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12
ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի
ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային
հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի
ապահովման համար։


6. Սահմանել, որ հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում
լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության
նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային
կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ
հաղորդման քարտ՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի
հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանի հավելված N 13-ի։


7. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում
հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացվում է
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և
կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
կողմից: Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային
կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։


8. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ 2-օրյա ժամկետում՝
1) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու
համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության,
մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու
պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը
նախարարության պաշտոնական կայքէջում․


2) Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)
ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ
իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության,
մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝
Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված
պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու
նպատակով:


3) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող
լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման
գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։


4) Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝
Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային
հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր
հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել
հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա
պարբերական թարմացումը։


9. Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման
նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից
պարտադիր պահպանման ենթակա են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63
որոշման հավելված 9-ով սահմանված կանոնները։


10. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ
Ավագյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման
նկատմամբ վերահսկողությունը։


11. Սույն որոշման պահանջները տնտեսվարող սուբյեկտների կողմից չպահպանելու
դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 2-ի ժամը 23:59-ին։