Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր
A A
Հասարակություն

««Սասնա Ծռեր» խմբի անդամների ծեծի գործով զարգացում չկա»․ փաստաբանները դժգոհ են

2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամի գործով (ՊՊԾ գնդի գրավում) դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ) (մահացել է), Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։

Վերջիններս այս դեպքով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով  (ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) տուժողներ են ճանաչվել։

Գործի ընթացքից փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը և Արայիկ Պապիկյանը դժգոհ են, քանի որ վերջին անգամ իրենց մասնակցությամբ գործողություններ կատարվել են 2019 թվականի հունվարին։ «Ա1+»-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց, որ ՀՔԾ քննիչը տեղեկացրել է, որ բազմաթիվ առերեսումներ պետք է կատարվեն տուժողների և ոստիկանության աշխատակիցների միջև, միջադեպի մասնակիցների, ականատեսների միջև։

 «Քննիչը տեղեկացրեց, որ Ոստիկանության ուղեկցող գումարտակի նախկին հրամատարը փաստաբանի կարիք ունի, և իրեն ժամանակ է տրվել, որ փաստաբան գտնի և փաստաբանով ներկայանա։ Անցել է 1 տարի 4 ամիս, դրանից հետո որևէ լուր այս գործով չկա։ Որևէ մեկը մեզ որևէ գործողության չի հրավիրել, փաստացի քննություն չի կատարվում, գործի քննությունը կասեցված է։ Ինչից մի հետևություն կարող ենք անել, որ Հատուկ քննչական ծառայությունը  քաղաքական իշխանության ցուցումով միգուցե կամ միգուցե Ոստիկանության ցուցումով գործի քննությունը չի իրականացնում, մեղավորների պատասխանատվության ենթարկելու նպատակ չունեն»,- ընդգծեց փաստաբանը։

Արայիկ Խանդոյանի իրավահաջորդի (Խանդոյանի կինն է) ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ ՀՔԾ-ն բացարձակ անգործություն է ցուցաբերում, «մոռացել է», որ վարույթում գործ կա։

«Վերջին անգամ՝ մոտ 7-8 ամիս առաջ նամակ եմ ուղարկել ՀՔԾ՝ պարզելու որևէ ընթացք գործից կա՞, թե՞ չկա։ Ինձ նամակով պատասխանել են, որ տուժողի իրավահաջորդը կարող է ներկայանալ և տեղում պարզել։ Վերջին 1,4 տարվա ընթացքում ՀՔԾ-ում ոչինչ չեն անում։ Գտնում եմ, որ սա հանցավոր անփութության դրսևորում է, և հիմնավոր կասկած ունեմ, որ քաղաքականապես որոշում կա՝ այս գործի քննությունը չիրականացնել։ Մենք վաղուց հանցագործին, հանցագործներին գիտենք, նրանք իրենց պատիժը պիտի կրեին, գործն արդեն պիտի քննվեր դատարանում, մեղադրական դատավճիռ պետք է լիներ»,- շարունակեց նա։

Փաստաբանն ասաց, որ քննչական գործողությունների կատարելու առումով վերջին անգամ ՀՔԾ հրավիրվել էին հունվար կամ փետրվար ամսին, երբ Արայիկ Խանդոյանի մահվանից հետո տիկնոջ հետ գնացել էին իրավահաջորդի ներգրավման հարցը լուծելու համար, երբ վերոնշյալ նամակին ի պատասխան ՀՔԾ էին հրավիրվել։ Ըստ Պապիկյանի՝ այն գործերը, որոնցում իշխանությունների կողմից կա շահագրգռվածություն, շատ արագ քննվում են, իսկ այն գործերը, որոնց հանդեպ քաղաքական իշխանությունը չունի հետաքրքրվածություն, գործը ձգձգվում է, և այս գործը կոծկելու միտում կա։

«Դատարանի նկուղում սահմանափակ թվով մարդիկ են եղել, այլ ծառայություններից որևէ այլ անձ չի եղել, դատարանի միջանցքներում կային տեսախցիկներ։ Ինչպես կասեր մի նախկին կամ ներկայիս հանցագործ՝ «ուչաստկովիի գործ էր», բայց շուտով 4-րդ տարին կլրանա, ՀՔԾ-ն չի կարողանում գործը քննել, դատախազությունն էլ մատը մատին չի տալիս։ Բայց այս գործով ոչ միայն պատասխան են տալու մարդ խոշտանգած հանցագործները, այլև պաշտոնյաները, ոորնք փորձում են այս գործը կոծկել»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

Գլխավոր Դատախազությունից մեզ մեկնաբանություն չտվեցին գործի վերաբերյալ։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է, գործով կա մեկ մեղադրյալ, որն էլ Ոստիկանության ուղեկցող գումարտակի նախկին հրամանատար Արմեն Ղազարյանն է։ Այլ մանրամասներ չասաց։