Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միայն կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվի անկման, նվազման և ընդհուպ զրոյացման․ Նիկոլ Փաշինյան  (տեսանյութ)

«Մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը։ Եվ մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվի անկման, նվազման և ընդհուպ զրոյացման»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարաչպետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում կամ սննդամթերքի վաճառք է կազմակերպում, պետք է վաճառքը կազմակերպի պարետատան սահմանած կանոններով, որպեսզի խուսափի այդ մթերքի հետագա վաճառքի արգելքի և փչանալու տնտեսական վնասներից։

«Փաստի բերումով, եթե կանոնները չենք պահպանում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով և այդպես շարունակ, երկիրը ենթարկելով նոր տնեսական և սոցիալական ցնցումների։ Կամ մենք միասին, իրար հետ համագործակցված՝ կառավարություն, հասարակական հատված, քաղաքացիներ, հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում մնում է խիստ լարված։ Վանյանի խոսքերով՝ եթե համեմատում ենք մարտ ամսվա արձանագրված դեպքերն ապրիլ ամսվա հետ, ապա ունենում ենք դեպքերի թվի 3 անգամ բարձրացում, իսկ սա խոսում է այն մասին, որ գործող սահմափակումների շնորհիվ մարդկանց միջև շփումները քիչ էին, իսկ մարտի և մայիսի միջև համեմատությամբ առկա է 13 անգամ դեպքերի ավելացում։ 

«Որն էլ խոսում է այն մասին, որ մեզ մոտ սահմանափակումների վերացումից հետո հստակ սկսեցին մարդկանց կուտակումներ, մեծ թվով շփումներ և որն էլ վկայում են մեր այսօրվա թվերը։ Այս առումով ես կուզեի հորդորել և խնդրել մեր բնակչությանը, որպեսզի պահպանեն մեր կողմից սահմանված կանոնները»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը։

Վանյանը քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ կուտակումներից, չգնալ ուխտագնացությունների, խանութներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը հիշեցրեց, թե ովքեր են ռիսկային բարձր խմբում․ տարեցները, սիրտանոթային, էնդոկրինիկ, լյարդ-երիկամային և համակարգային հիվանդություններ ունեցող քաղաքացիները։

Սիմոնյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակված բուժառուներից մեկի դեպքին՝ նշելով, որ վերջինս երկկողմանի թոքաբորբով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղ տեղափոխվել էր դեռևս ապրիլի 13-ին և 1 շաբաթ ուշ էր դիմած եղել բժշկին, և մոտ 50 օր է՝ միացված է արհեստական օդափոխության սարքին։

«Բուժաշխատողները, արդեն երեք ամիս է, աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում։ Եվ քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքի շարունակաբար ցուցաբերումը վեջվերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանը և հիասթափությանը»,- նշեց նա։