Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք այսօր վճարում ենք նախկին իշխանության կնքած հակապետական գործարքի համար. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Ռուսատանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով երեկվա ՀԾԿՀ-ի հայտարարություններին՝ կապված գազի սակագնի վերանայման հետ: 

Նրա խոսքով՝ սա ռազմավարական երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, այլ ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչ:

Բաբաջանյանն ասում է՝ ամեն անգամ գազի սակագնի քննարկման ընթացքում մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը.

«Այդ անցյալում 2013 թվականին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում, այդ թվում՝ գազասպառման համակարգի նկատմամբ»:

Անկախ պատգամավորը պնդում է՝ այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման համար վճարում ենք «այդ հանցավոր անցյալում նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար»։

Իրավիճակից ելք պատգամավորը տեսնում է գազային համաձայնագրի վերանայումը, ինչը բարդ, բայց, ըստ Բաբաջանյանի, անխուսափելի գործընթաց է, քանի որ ազգային անվտանգության սպառնալիք  կա:

Խիստ երկրորդական է՝ քանի  տոկոսով է բարձրանալու գազի  սակագինը,-ասում է պատգամավորն ու հավելում, որ սա արվում է այն ֆոնին, որ միջազգային շուկաներում էներգակիրների, այդ թվում՝ գազի գնի էական էժանացում  կա, իսկ նույն Ռուսաստանը նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը:

Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասնակի բավարարել «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտը: Բնակիչ-բաժանորդների համար գործող գազի սակագինը կմնա նույնը՝ 139 000 դրամ հազար խմ դիմաց, մինչդեռ որոշակիորեն կարող է բարձրանալ գյուղոլորտում «գործունեություն ծավալող, վերամշակող՝ պահածոների, կաթնամթերքների և խմիչքների արտադրությամբ զբաղվող անձանց», ինչպես նաև ջերմոցային տնտեսություններին վաճառվող գազի սակագինը։