Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 1-ը հունիսի. ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Տիգրան Թորոսյանը. ով էր դեմ (տեսանյութ)

1992-ի հունիսի 1-ին Արցախը հրաժարվեց մասնակցել Հռոմում մեկնարկող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսին։ Այս խորհրդաժողովում հետագա Մինսկի խմբի մոդելն էր պլանավորվելու, իսկ մասնակցությունից հրաժարման պատճառն այն էր, որ նրանք հրավիրվել էին պարզապես իբրեւ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

1997-ի այս օրը Երեւանում Իրանի արդյունաբերական ապրանքների ցուցահանդեսի բացումն էր։ Քաղաքապետ Վանո Սիրադեղյանը արդեն կողմնորոշված էր, թե որ ոլորտում է լինելու առաջնահերթ գործակցությունը։ 1999-ի հունիսի 1-ին եվրադիտորդները արդեն շաբլոն դարձած նախնական զեկույցն էին հրապարակում, որ Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները, չնայած արձանագրված խախտումներին, քայլ առաջ էին նախորդ ընտրությունների համեմատությամբ։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը քուրդ երեխաները պայքարի էին ելել ի պաշտպանություն Աբդուլա Օջալանի, որի նկատմամբ դատավարությունը Թուրքիայում մեկնարկել էր նախօրեին։

1999-ի այս օրը որոշակիորեն ձախողվեց երեխաների համար Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած կավճանկարչության միջոցառումը։ Ծնողները սկսեցին խլխլել կավիճների տոպրակները, որ անվճար բաժանվելու էին երեխաներին։ Արդյունքում ոմանք ունեցան մի քանի տոպրակ կավիճ, ոմանք կավիճ չունեցան։ Իրարանցում-հրմշտոց էր նաեւ այն պահին, երբ երեխաներին անվճար պաղպաղակ էր բաժանվում։

2000-ի հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում բազմազավակ ընտանիքները՝ պահանջելով նպաստի վերականգնում, արտոնություններ, զեղչեր։ Քերի Քավանոն Մինսկի խմբի բոլոր ժամանակների համանախագահների մեջ, թերեւս, ամենալավատեսն է եղել։ Նա այդպիսին էր նաեւ 2001-ի այս օրն անցկացված հեռուստակամուրջի ժամանակ, երբ պատասխանում էր հայ եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին։ Անգամ պետությունների ղեկավարների ժնեւյան հանդիպման տապալումը Քավանոյին հոռետես չէր դարձրել։

2006-ի այս օրն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց միակ թեկնածու Տիգրան Թորոսյանը։ Միակ դեմ պատգամավորը եղել է էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը, թերեւս այն պատճառով, որ որ նա խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Գալուստ Սահակյանին, որը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել։

2009-ի Երեւանի ավագանու ընտրություններում անհրաժեշտ շեմը հաղթահարել էին երեք քաղաքական ուժ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը։ Հունիսի 1-ին, սակայն, պարզվեց, որ ավագանու աշխատանքներին այդ ուժերից երկուսն են մասնակցելու։ Ուսանողական այգում ծառեր էին հատվել եւ սկսվել էր սրճարանի շինարարություն, որի դեմ 2010-ի հունիսի 1-ին բողոքում էին երեխաները։

2010-ի մայիսի 31-ին ոստիկանությունն արգելում էր քաղաքացիներին մուտք գործել Ազատության հրապարակ։ Նման փորձ անողների նկատմամբ ուժ կիրառվեց։ Հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը, ՀԱԿ 15 ակտիվիստ եւ երեք լրագրող բերման ենթարկվեցին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք։ Համաժողովրդական շարժման կողմնակիցները հավաքվեցին ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղ նույնպես նրանց նկատմամբ ուժ կիրառվեց։