Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Դավթյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության մասին (տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին ի պատասխան:

Նա նշեց, որ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ինչպես նաև ստեղծվել է դատախազական հսկողական խումբ.

«Իմ կողմից գործի տվյալների և գործում առկա հատկապես հակասությունների պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին»:

Դավթյանը վստահեցրեց՝ բավականին տեմպով աշխատանքներ են իրականացվում՝ այս քրեական գործով բացահայտումներ անելու համար:

«Ես այսօր չեմ դժգոհի ժամանակով պայմանավորված բարդություններից, որովհետև հետևողական եմ լինելու և կարծում եմ, որ մեր աշխատակիցների թեկուզ նաև գիշեր-ցերեկ աշխատանքի շնորհիվ մեզ պետք է հաջողվի հանրությանը նաև անհայտ մնացած հանցակազմ պարունակող յուրաքանչյուր գործողությունների վերջնական բացահայտումը»:

Ինչ վերաբերում է պատգամավորի դիտարկմանը, թե հանրության շրջանում կարծիք կա, որ նախկին դատախազական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանը որոշակի տեղեկությունների է տիրապետում այս գործով,  գլխավոր դատախազն ասաց՝ Ջհանգիրյանը առնչություն չունի, բայց եթե անհրաժեշտություն լինի, նրանից ևս պարզաբանումներ կստանան: