Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատախազը չի բացառում՝ Ռ. Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու վերաբերյալ որոշումը գուցե բողոքարկվի (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:

Մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցը վերաբերում էր Վարչական դատարանի որոշմանը, որով Ռ. Քոչարյանը մինչ համավարակի ավարտը կմնա «Իզմիրյան բժշկական կենտրոնում»: Պատգամավորը հետաքրքվեց՝ որն է գլխավոր դատախազի դիրքորոշումը, արդյոք այստեղ ընտրողական մոտեցում չկա՞:

Դավթյանն ասաց՝ հայցը ներկայացվել է ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ պահանջով, որ կալանավորը մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բժշկական կենտրոնում:

Նաև տեղեկացրեց, որ համապատասխան ակտը դատախազությունը դեռևս չի ստացել, ստանալուց և հիմնավորումներին ծանոթանալուց հետո հետագա անելիքները կքննարկեն:

Պատգամավորի հստակեցնող հարցին, թե չի՞ բացառվում, որ որոշումը կբողոքարկվի, դատախազը դրական պատասխան տվեց:

Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ դատախազի դիրքորոշումը հստակ էր՝ ՄԻԵԴ-ի կարծիքը մինչ այս կատարված գործողությունների իրավաչափության հավաստումն է:

ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտահոգությունը դատական նիստերի ձգձգման վերաբերյալ էր: Հետաքրքրվեց՝ ինչ է անում դատախազությունը, որպեսզի բացառի Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի հետաձգումը:

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ գործը դատարանի վարույթում է, հետևաբար՝  որոշումներ կայացնողը դատարանն է:

«Մոտավորապես մեկ տարի է՝ գործը դատարանի վարույթում է, և գրեթե ամեն նիստին պաշտպանների կողմից խափանման միջոցի փոփոխման միջնորդություն է ներկայացվել»:

Դավթյանն ասաց՝ հստակ համոզմունք ունեն, որ դատավորության ներկա փուլում ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկեր են առկա, հետևաբար՝  քանի դեռ փուլը հստակ չի փոխվել, անցում չի կատարվել դատաքննության փուլ, ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող:

«Մեր դիրքորոշումներում կարմիր գծով անցել է հետևյալը. պաշտպանության կողմի նմանատիպ վարքագիծն ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայություն է, և մենք գտնում ենք, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս հիմնավորմամբ սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ դատավարական գործողությունները և անցնելու դատաքննության, անցնելու ապացույցների հետազոտման», - ասաց դատախազը:

Անդրանիկ Քոչարյանն էլ ակնարկեց, որ ակնհայտ պատճառներով Քոչարյանի փաստաբաններն ունեն մեկ նպատակ՝ դատաքննական հաջորդ փուլը չսկսել։