Երեւանում կցուցադրվեն թուրքական ֆիլմեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 25-27-ը ՙ23,5՚ թուրքական ֆիլմերի 2-րդ փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվող գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմերը բացառապես պատմելու են Թուրքիայի մասին:
«Ֆիլմերի առանցքում այսօրվա Թուրքիան է, այնտեղ ապրող մարդիկ իրենց խնդիրներով, հոգսերով եւ հայացքներով: Այդ ֆիլմերի հեղինակները Թուրքիայում բնակվող ու նաեւ արտերկրում գործող թուրք կինոռեժիսորներն են»,-«Ա1+»-ին ասաց փառատոնի տնօրեն, Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը:
Առաջին փառատոնը տեղի է ունեցել 2009-ի մարտին, դրա արդյունքներն էլ հենց ամփոփվելու են այս փառատոնի ժամանակ: Հաղթող ֆիլմը ստանալու է փառատոնի միակ անվանակարգի` ՙՀանդիսատեսի համակրանք՚ մրցանակը:
«Թե որ ֆիլմն է ամենահաջողվածը, որոշում է ոչ թե ժյուրին, այլ հանդիսատեսը հատուկ քվեարկությամբ: Այս տարվա համար ստացել ենք 77 հայտ, ժյուրին մրցութային ծրագրի համար ընտրել է 10, իսկ արտամրցութային ծրագրի համար` 3 ֆիլմ»,- տեղեկացրեց Գեորգի Վանյանը:
Փառատոնը բացվելու է արտամրցութային ՙՆոր օր՚ եւ Թուրքիայում հայկական ավանդույթների մասին պատմող ՙՀատիկներ՚ կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ: Այս տարվա ընթացքում նաեւ անց է կացվելու ՙՓառատոն անիվների վրա՚ ծրագիրը, գործելու է նաեւ երկու փառատոնների ֆիլմադարանը:
Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում այսօր ինչպես կընկալվեն Թուրքիայի մասին պատմող ֆիլմերը հայ հանդիսատեսի կողմից` «Ա1+»-ի հարցին փառատոնի տնօրենը պատասխանեց, որ փառատոնը չպետք է դիտարկել քաղաքական տեսանկյունից:
«Մենք երբեք քաղաքական շահարկումների մեջ չենք տեղավորվում: Այսօր մեր մեջ «թուրք» բառը ասոցացվում է տարբեր զգացողություններով, մինչդեռ մեր իմացած Թուրքիան դա պրոպագանդայի Թուրքիան է, իսկ մենք փորձելու ենք ներկայացնել իրական Թուրքիան: Այս փառատոնը մեր ազգերի միջեւ առկա պատնեշի մեջ փոքր ճեղք բացելու նպատակ ունի »,- «Ա1+»-ին ասաց Գեորգի Վանյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում նմանատիպ հայկական փառատոնի կազմակերպման հեռանկարներին, ապա ըստ նրա, նախկին փորձը վկայում է, որ մեր երկրում դրան դեռ պատրաստ չեն:
«Նախորդ տարի փորձեցինք կազմակերպել, սակայն շատ ռեժիսորներ վերջին պահին հայտերը հետ վերցրեցին»,-նշեց Գեորգի Վանյանը: Փառատոնը անց է կացվելու Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում
Այն պետք է անցկացվեր Երեւանի Կամերային պետական թատրոնում: ՙ23,5՚ թուրքական ֆիլմերի փառատոնի տնօրենի տեղեկացմամբ, սակայն, թատրոնի ղեկավարությունը մի քանի օր առաջ միակողմանի լուծարել է պայմանագիրը:
Պարզաբանումների համար դիմեցինք կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանին: Նա նշեց, պայմանավորվածությունը եղել է ոչ թե փառատոն կազմակերպելու, այլ պարզապես ֆիլմեր ցուցադրելու վերաբերյալ:
«Փառատոնի անցկացման մասին խոսք չի եղել` առավել եւս թուրքական ֆիլմերի: Խոսքը գնացել է մի քանի ֆիլմ ցուցադրելու մասին: Իսկ դրանք տարբեր մասշտաբների բաներ են: Հետո մենք ուրիշ տեղերից իմանում ենք, որ մեր թատրոնում սպասվում է լայնածավալ փառատոն, ինչը մեզ համար անակնկալ էր»,-«Ա1+»-ին ասաց նա:
Ըստ Երնջակյանի` ֆիլմերի թուրքական լինելու հանգամանքը պայմանագրի լուծարման հետ կապ չունի. «Պարզապես անվստահության հարց է, ուստի մենք նրանց 10 օր առաջ տեղեկացրել ենք, որ խզում ենք պայմանագիրը»: