Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Քանի՞ հոգի կարող է գլուխ գովել, որ իր զոքանչը Արարատն է բարձրացել»․ արշավականներն այլեւս տանը նստել չեն կարողանում

Մինչ արշավականները զարմացած ուսումնասիրում են մանուշակագույն ծաղիկը ու փորձում հետաքրքիր լուսանկարներ ստանալ, տիկին Աստղիկը,  մի  սիրուն մանուշակագույն փունջ ձեռքին, ասում է՝ անունը иван-чай է, օգտակար դեղաբույս է:

Աստղիկ Ղազարյանը  ֆիզիկայի ուսուցչուհի է, ասում է՝   սա  իր  147-րդ արշավն է՝ այն էլ վերջին մի քանի տարիների ընթացքում:

Տարբեր տարիքի ու մասնագիտության 20 հոգի մասնակցում են Լոռու մարզի  Արևածագ գյուղից Ձորագետի կիրճով մինչև Կուրթան քայլարշավին։

Տիկին Աստղիկն ասում է՝  տանը նստել չի կարողանում, նույնիսկ կարանտինի ընթացքում փոքր խմբերով արշավների են  գնացել։

«Պտղնի, Առինջ, Հրազդանի ձոր ենք գնացել մի քանի հոգով: Առանց դրա չի լինի, ես հսկայական լիցքեր եմ ստանում բնությունից: Մինչև վերջին շունչս էլ քայլելու եմ, գիտեմ, ի վիճակի էլ չլինեմ՝ մի բլուր կգտնեմ ինձ համար կբարձրանամ»,- ասում է 57-ամյա արշավորդը:

«Նվաճված» գագաթներ   են Ծղուկը, Աժդահակը, Արագածը, երկու տարի առաջ էլ մեծագույն երազանք իրականացավ՝  Արարատ բարձրացավ։

«Նկարագրելու չէր.   էմոցիաները, ապրումները, ասելու բան չեն: Ընդ որում՝ շատ դժվար եմ բարձրացել, չէի քնել, երկու օր հաց չէի կերել, ձեռքերս էին սառել, վերջին ճիգերով բարձրացա: Աշակերտներիցս երկուսը հետս էին, իրար ուժ տալով, բարձրանում էինք, չեմ էլ հիշում՝ վերջին մի քանի մետրը ոնց եմ բարձրացել: Չգիտեմ էլի կբարձրանամ, թե չէ, բայց Արարատը միշտ կանչում է, հանգիստ չի տալիս».-ասում է  տիկին Աստղիկը:

Նրա խոսքով՝ ամենաշատը փեսան է իրենով հպարտանում՝ ասելով՝ քանի  հոգի կարող  է գլուխ գովել, որ իր զոքանչը Արարատն է բարձրացել:

Ի տարբերություն տիկին Աստղիկի՝ Տաթևի համար սա առաջին արշավային փորձն է, ընկերուհու հետ էր եկել:

«Ծագրավորող եմ և ողջ ընթացքում աշխատել եմ տանից: Ամբողջ օրը համակարգչի առաջ եմ ու հիմա ավելի քան երբեք, կանաչի, բնության ու թարմության կարիք ունեմ»,-ասում է 20-ամյա Տաթևը:

Դեպի Լոռի արշավը  «Արմլենդ» զբոսաշրջային ակումբի՝ 20 հոգանոց խմբով 3-րդ արշավն է՝  կորոնավիրուսով պայմանավորված  տեղաշարժման   սահմանափակումների վերացումից հետո։

Առաջինը մայիսի 17-ին էր: Լեռնային ուղեկցորդ Տանյա Ռոստոմյանն ասում է, որ արշավորդների համար շատ դժվար է տանը փակվել, և, թեև, համեմատաբար մեծ խմբերով (20 հոգի) արշավներ նոր են սկսել կազմակերպել, սակայն մինչ այդ էլ իրենք չեն դադարել շրջագայել:

«Մենք մեր թիմով իրականացրել ենք վերելքներ, արշավներ։ Բացի այդ սա նաև հարմար ժամանակ էր նոր երթուղիներ գծելու, որպեսզի հետո մարդկանց կարողանանք ուղեկցել: Եվ հետո այս շրջանում քայլարշավները խրախուսվում են»,- ասում է Տանյան՝  տեղեկացնելով, որ արշավորդներին դիմակներ են  բաժանում մեքենա բարձրանալիս։

Ուղեկցորդի խոսքով կարանտինի ընթացքում բազմաթիվ նամակներ են ստացել արշավականերից, նույնիսկ այնպիսի մարդիկ են հետաքրքրվել, որոնցից երբեք չէին սպասի:

«Եթե նախորդ տարի այս ժամանակ միայն կիրակի օրերին էինք արշավներ կազմակերպում, ապա հիմա նաև շաբաթ օրերին, ու մտածում ենք աշխատանքային օրերին էլ կազմակերպել: Սովորաբար մենք մեծ թվով զբոսաշրջիկ մասնակիցներ էինք ունենում, իսկ հիմա միայն տեղացիներն են, ինչ ևս սեփական երկիրը բացահայտելու առումով լավ է»,-ասում է Տանյան:

Ֆինանսական հոսքեր թեև կարանտինի ընթացքում չեն եղել, բայց քանի որ խնդիրը համընդհանուր էր, կարծում է՝  կհաղթահարեն, մանավանդ որ արշավների  նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։

Ի դեպ,  քայլարշավի ժամանակ սոցիալական հեռավորությունը պահպանվում է, բայց ահա  հաց ուտելիս այնքան էլ չի  հաջողվում։