Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժառանգություն-547x375
A A
Պաշտոնական

«Պիտի լինենք հավատարիմ և արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 

Մայիսի 26-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը փլուզվել էր, հայկական կամավորական ջոկատները՝ համազգային ուժ դարձած մշակների, մտավորականների և հոգևորականների հետ,  Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում մահու և կենաց կռիվ էին մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ՝ կայացնելով  մեր անկախ պետականությունը, ու հաղթեցինք: Ընդամենը երկուս ու կես տարի գոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, բայց Հայոց պետականության վերականգնման ուղին արդեն բացված էր, ինքնիշխանության ժառանգորդական շղթան՝ վերականգնված: 

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է մեր Առաջին Հանրապետության տոնը Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի: Առաջին Հանրապետությունը մեր հավաքական անխորտակ ուժի պատմական հաղթանակն էր: 

«Ժառանգությունը» համոզված է, որ պիտի լինենք հավատարիմ և արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների: Մեր պատմության փառավոր էջերը մեզ ուժ ու կորով են հաղորդում՝ կերտելու ներկան ու գալիքը Հայոց ինքնիշխան, ժողովրդավար ու միացյալ պետականության:

 

«Ժառանգություն» կուսակցություն