Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ․ վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն ռեյդեր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք, ցավոք սրտի, կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այսօր պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Նա նշեց, որ մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ:

«Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն,  երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,-ասաց նա և նշեց, որ այդ կանոնները պահելը շատ կարևոր է և պարտադիր:

 «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյին: Այնուամենայնիվ, մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտված իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կիրականացվեց միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի, թե արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները»,-ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում իրենց հիմնական անելիքն այս հարցում համարում են քաղաքացիների հետ երկխոսությունը: