Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Հայաստանին գազի մատակարարման հարցի վերաբերյալ․ հայտարարություն

ՀՀ էներգետիկ համակարգի ընդհանուր պատկերը եւ, մասնավորապես՝ գազի մատակարարման խնդիրը, մեր պետության գաղութային կախյալության անհերքելի ապացույցներ են։

Չնայած համավարակի եւ տնտեսական ճգնաժամի պատճառով աշխարհում էներգակիրների կտրուկ գնանկման հանգամանքին, ՀՀ ներկրվող ռուսական գազի գինը մի քանի անգամ գերազանցում է առկա միջազգային գներին։

Ավելին՝ գազի գինը էժանացնելու փոխարեն ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է դրա բարձրացման հայտ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս գազի գնի էժանացումը պայմանավորեց ՀՀ ինքնիշխանության փաստացի հանձնմամբ։

Մինչդեռ ներկա իշխանությունները պահպանում են նախկին դավաճան եւ հանցավոր վարչախմբերի օրոք ձեւավորված այս ստորացուցիչ կախյալությունը, ինչն անընդունելի է որեւէ ինքնիշխան պետության համար։

Ստեղծված իրավիճակում Ազգային-ժողովրդավարական բեւեռը գործող իշխանություններից պահանջում է անհապաղ կազմել համապատասխան հանձնաժողով(ներ)՝ ՌԴ-ից ստացվող գազի մատակարարման վերաբերյալ 2013 թ․ միջկառավարական համաձայնագրի քաղաքական,իրավական եւ տնտեսական առումների ուսումնասիրության եւ այդ համաձայնագրերի վերանայման նպատակներով։

Միևնույն ժամանակ՝  Բեւեռը հայտարարում է հատուկ հասարակական հանձնաժողովի ձեւավորման մասին, որում ընդգրկվող քաղաքական գործիչները եւ մասնագետները մշակելու են էներգետիկ (ներառյալ՝ գազի մատակարարման)համակարգի դիվերսիֆիկացման եւ արդիականացման նախագիծ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ