Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Մարզեր Հասարակություն

Սևանում սուպերմարկետում և բանկում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել

Սևանում այս պահին կա կորոնավիրուսի 76 հաստատված դեպք, որոնցից 34-ը փաստացի  բուժում են ստանում, 24-ն արդեն ապաքինված են: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Քաղաք մուտքն ու ելքն արգելվել է՝ հետագա բռնկումից խուսափելու համար,-հայտնեց Վարդանյանը՝ հավելելով՝ թվերն ավելանալու միտում ունեն:

Հայտնաբերված դեպքերը հիմնականում նախկին օջախների կոնտակտավորներն են, մեկ դեպք հաստատվել է քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում։

Բանկերից մեկում եւս կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։

Նշենք, որ Յունիբանկի Սևանի մասնաճյուղը հայտարարել է, որ մայիսի 25-ից հունիսի 3-ը ներառյալ հաճախորդների սպասարկում չի իրականացնելու:

Լուսինե Վարդանյանը վստահեցրեց՝  կոնտակտավորների շրջանակը արդեն պարզվել է, նրանք մեկուսացված են:

Մարզպետարանի առողջապահության վարչության ղեկավարը նաև հայտնեց, որ հիվանդները հոսպիտալացվում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներում, Սևանի հիվանդանոցում վարակակիրներ չեն պահվում:

Գեղարքունիքի մարզում ընդհանուր առմամբ արձանագրվել է 400-ից ավելի վարակման դեպք:

Հիշեցնեք, պարետի որոշմամբ՝  Սևանի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվել է  հատուկ ռեժիմ: 

 Արգելվել են անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

Սահամանափակումը ուժի մեջ է մայիսի 25-ից ժամը 06:00-ից, գործելու է մինչև հունիսի 3-ը 23:59-ը: Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 25-ը՝ ժամը 13:00-ն՝ թույլատրելով Սևան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը:

Սևանում տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ևս կիրառվում են սահմանափակումներ: