Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Թութակին տնից  հանել է, որ դիպլոմայինի ժամանակ հանկարծ չերգի

Օնլայն պաշտպանության մասին որոշ ֆակուկտետների ուսանողներ արդեն խոսում են առանց սթրեսի։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Սոֆի Թովմասյանը ասում է` սկզբում երբ իմացավ, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունը պետք է օնլայն լինի, տխրեց։  Հիմա այլ կերպ է նայում իրավիճակին։

«Այս շրջանում էլ մեր պաշտպանությունն իր ձևով է բացառիկ ու մյուսներն էլ այսպիսի հնարավորությունը չեն ունեցել։ Մենք ապրում ենք մի դարում, երբ մարդիկ օնլայն ընդունվում են համալսարան, օնլայն 3 տարի հաճախում են դասերի ու հետո օնլայն էլ ավարտում են։ Հետևաբար,  գոնե մեզ համար սա պետք է խնդիր չլիներ»,- պատմում է Սոֆին:

Նրա կուրսեցին՝ Քրիստինեն,  այսօր արդեն վստահ է՝  իր համար ավելի հեշտ էր նայել համակարգչի տեսախցիկին, քան լսարանային պայմաններում պաշտպանել։«Մարդկանց ու նրանց գերէմոցիոնալ վիճակը տեսնելը չի կարելի համեմատել էկրանային լսարանի հետ»,-ասում է նա։

Անահիտը, որը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, ի տարբերություն ապագա լրագրողների,  մինչև վերջին պահը չէր կարողանում հարմարվել օնլայն պաշտպանությանը. «Անկեղծ ասած հիասթափություն կար, որովհետև երբեք չէի մտածել, որ ավարտական աշխատանքիս պաշտպանությունը տանից է լինելու»։

Պաշտպանությունը տանից ենթադրում է ոչ միայն լավ պատրաստվել։ Ըստ ուսանողների՝ գեղեցիկ պատ  է  պետք ընտրել  եւ ամենակարեւորը՝  սենյակի այն հատվածը, որտեղ  ինտերնետն ամենալավն է։ Գումարվում է նաեւ  հոգեբանական գործոնը։

Անահիտը ընտանիքի անդամներին խնդրել էր չվերադառնալ տուն մինչև պաշտպանության ավարտը. «Երբ գրեթե իմ հերթն էր մոտենում, հանկարծ հայրս տուն եկավ: Խնդրեցի նրան դուրս գալ ու սպասել պատշգամբում, մինչև ես խոսքս կվերջացնեի»։

Իսկ Սոֆին խոստովանում ՝  իրեն ավելի շատ թութակն է անհանգստացրել։  «Իմ թութակը՝ Օբին, շատ է սիրում  երգել, դրա համար առաջինը իրեն եմ տնից հանել»,- ասում է  նա։

Պատշտպանության օնլայն տարբերակի դեպքում մեծ է տեխնիկական խնդիրներ ունենալու ռիսկը.

«Կային ուսանողներ, որ կապի և համակարգի խնդիրներ ունեցան: Բայց հանձաժողովի կազմը շատ ըմբռնումով էր մոտենում իրավիճակին: Ընդառաջում էին և թույլ տալիս կարգավորել խնդիրներն ու հանգիստ շարունակել», -ասում է Անահիտը։

Օնլայն պաշտպանության ժամանակ  ուսանողները հետևել են իրենց ընկերների պատասխանին։  Քրիստինեն ասում է, որ ընկերուհու ելույթի ավարտի ժամանակ բարձր  բղավել է՝ գոլ։ Իսկ Սոֆին, իր բառերով, երբ ընկերները գերազանց քսաններով են ավարտել, «հպարտ Մուրադի» դեմքն է ունեցել։

Ի դեպ, նրանք  արդեն սեփական փորձից խորհուրդներ են տալիս մյուս շրջանավարտներին, որոնք ավարտական աշխատանքները պետք է պաշտպանեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Դրանք են՝ խուճապի չմատնվել. խուճապը ցանկացած իրավիճակում մարդու վատագույն ընկերն է։ Մինչ zoom-ին միանալը անպայման աչքի անցկացնել աշխատանքը։  Պետք է խոսել վստահ, արագ, քիչ, բայց բովանդակալից․ սար ու ձոր ընկնել պետք չէ: Օնլայն պաշտպանության համար հատկացվող ժամանակահատվածն ավելի քիչ է թվում։