Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ոստիկանություն
A A
Պաշտոնական

Ոստիկանությունը մրցույթ է հայտարարել՝ պարեկներին կրթելու համար

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակներում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար

ՀՀ կառավարությունը 2019թ.-ի դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, ինչը հաստատվեց ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:

Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:

Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-սովորող» փոխհարաբերությունները: Այս ամենին զուգահեռ կարևոր է նաև Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցման կազմակերպումը:

Ընտրության գործընթացը.

Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասընթացավարների մրցույթ (մայիսի 25 - հուլիսի 31),

Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 10) և հարցազրույց (հուլիսի 15-20` հարցազրույցի անցկացում, հուլիսի 21-31՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),

Առաջին փուլում տեղի կունենա փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ երկրորդ փուլում՝ հարցազրույց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ,

Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում:

Ովքեր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ.

Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),

Առարկայացանկն ու ժամերը կցվում են (Հավելված 1),

Անհրաժեշտ որակավորում՝

- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ
- ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)

Պահանջվող հմտություններ՝

- Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում,
- Հաղորդակցության հմտություններ,

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2),

Դիմումի ձևանմուշը կցված է (Հավելված 3),

Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:

Վարձատրություն.

1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ վարձատրություն՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):

Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ:

Այլ պայմաններ.

Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:

Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրերի վերաբերյալ ուղեցույցներ:

Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո նաև մարզերի համար պարեկային ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:

Հարցերի համար դիմել՝

+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ [email protected]; [email protected] (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):

Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։