Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները․ Hetq.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել նրա խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները, գրում է Hetq.am-ը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել նրան  գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Մայիսի 13-ին դատարանը մերժել է միջնորդությունները, որի դեմ պաշտպանները բողոքներ են ներկայացրել։ Այսօր հայտնի դարձավ, որ բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին։

Մեզ հետ զրույցում Արամ Վարդևանյանը նշեց, որ Քոչարյանին  անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ իրենց երկու անգամ միջնորդություն են ներկայացրել դատարան, և երկու անգամ էլ այս գործերը վերաքննության կարգով մակագրվել են Արմեն Դանիելյանին։

«Երկու դեպքում էլ իրավական տեսանկյունից անձնական երաշխավորության վերաբերյալ միջնորդությունները, պետք է բավարարվեին։ Այդպես վարվեց դատավոր Դավիթ Գրիգորյանը, որից հետո նրա նկատմամբ զավեշտալի պատրվակով քրեական հետապնդում սկսվեց։ Այս պարագայում դատավոր Աննա Դանիբեկյանը երկու ամիս բացակայեց, ոչ մի այլ դատավորի չմակագրվեց մեր միջնորդությունը, հատուկ սպասեցին, որ Դանիբեկյանը վերադառնա և իրեն հարիր որոշում կայացնի, և Վերաքննիչ դատարանում անձնական երաշխավորության վերաբերյալ բողոքը նորից մակագրվեց Արմեն Դանիելյանին։ Սա իսկապես իրավական աբսուդի, ցինիզմի հերթական դրսևորում է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ վերաքննիչ դատարանից պաշտպանները փորձե՞լ են պարզել, թե ինչ եղանակով է գործը մակագրվել Արմեն Դանիելյանին, Վարդևանյանը պատախանեց, որ Վերաքննիչ դատարանը մակագրման հետ կապված որևէ գործիքակազմ չունի։

«Մակագրման ամբողջ «էլեկտրոնային գործընթացը» կազմակերպվում է Դատական դեպարտամենտի կողմից, վերաքննիչ դատարանն այդ գործընթացում որևէ ազդեցություն չունի»,- նշեց Վարդևանյանը և հավելեց, որ ինքը չի կարողանում հավատալ, որ մակագրման գործընթացը պատահականության սկզբունքով է լինում։

«Կարող եմ  ասել, որ կա 18 դատավոր, որոնց կարող էր մակագրվել գործը, բայց նորից մակագրվել է Արմեն Դանիելյանին»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Պաշտպանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք նույն կերպ են վարվելու բոլոր այն դեպքերում, երբ Քոչարյանի գործով որևէ բողոք կմակագրվի դատավոր Արմեն Դանիելյանին։ Վարդևանյանը, սակայն, նշեց, որ ապագայի վերաբերյալ որևէ կանխատեսում չի ցականում անել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում