Բացել լրահոսը Փակել լրահոսը
99133576_10157315071396408_2120511442359681024_n
A A
Պաշտոնական

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:

Հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև «Գործք Առաքելոց»–ը:

Համբարձման տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի փոխադրությունը Սսից Էջմիածին, երբ պատմական հանգամանքների բերումով տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ կրկին վերահաստատվեց Միածնաէջ Ս. Էջմիածնում։ Ի հիշատակություն այդ հիշարժան օրվա, Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող Ս. Պատարագի ընթացքում կատարվում է նաև Հայրապետական մաղթանք։