Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախի նորընտիր պատգամավորները երդվեցին․ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի միակ թեկնածուն է (տեսանյութ)

Արցախի Հանրապետությում այսօր գումարվեց նորընտիր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։

Նախ պատգամավորները երդում տվեցին և անցան իրենց լիազորությունների կատարմանը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի (բաղկացած է 5 պատգամավորից՝ յուրաքանչյուր խմբակցությունից 1-ական պատգամավոր) նախագահ ընտրվեց Էդուարդ Աղաբեկյանը (Ազատ հայրենիք - ՔՄԴ դաշինք) , իսկ քարտուղար՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունից պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը։

ԱԺ նախագահի թեկնածուներն առաջադրվեցին «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից Արթուր Թովմասյանը, Արցախի «Արդարություն» կուսակցությունից՝ Վահրամ Բալայանը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտնեց։ 

«Ես ինքնաբացարկ եմ հայտնում, միաժամանակ գտնում, որ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները պետք է կատարի քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժի ներկայացուցիչը։ Մասնավորապես ես մեծ պատասխանատվությամբ և գոհունակությամբ իմ ձայնը կտամ պարոն Թովմասյանին»,- նշեց Բալայանը։

Իր ելույթում ԱԺ նախագահի թեկնածու Արթուր Թովմասյանն ասաց, որ քանի որ այս լեռնային երկրում անց են կացվել միաժամանակ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ, այն փաստի պերճախոս վկայությունն է, որ այս աշխարհատարածքը որպես անկախ պետություն կայացել է։ 

«Կցանկանայի՞ խորհրդարանում տեսնել նաև այն ուժերին, որոնք չեն մտել խորհրդարան, իհա՛րկե, կցանկանայի։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ասել Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին (6-րդ գումարման ԱԺ նախագահն է - հեղ)։ Փաստորեն 6 գումարումների 3-ի՝ 15 տարի, եղել է Արցախի խորհրդարանի նախագահ։ Մնալու է Արցախ-Գրանսիա բարեկամական խմբի ղեկավար»,- ասաց նա։ 

Պատգամավորի գնահատմամբ՝ նոր ձևավորված խորհրդարանը պրոֆեսիոնալ է։ 

ԱԺ Հաշվիչ հանձնախմվբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր։ Կողմ 29, դեմ 4 ձայների համամասնությամբ Արթուր Թովմասյանն ընտրվեց ԱԺ նախագահ։

Նշենք, որ խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք (16 մանդատ), «Միասնական հայրենիք» կուսակցություն (9 մանդատ), Արցախի «Արդարություն» կուսակցություն (3 մանդատ), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (3 մանդատ), Արցախի «Ժողովրդավարական» կուսակցություն (2 մանդատ), Արցախի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։