Բացել լրահոսը Փակել լրահոսը
100088938_3179345915436957_650089415313457152_n
A A
Պաշտոնական

Հուսամ, որ նոր իշխանությունների օրոք ինստիտուցիոնալ դրական փորձն անխափան կգործի․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քանի որ վաղն ավարտվում է Արցախի գործող օրենսդիր ու գործադիր իշխանությունների պաշտոնավարման ժամկետը, կուզեի շնորհակալություն հայտնել նրանց բոլոր ներկայացուցիչներին՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Մոտ մեկուկես տարի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատելով հեռացող իշխանությունների հետ՝ մեր փոխգործակցությունը կհամարեի բավականին կառուցողական ու արդյունավետ: Գործադիր ու օրենսդիր իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ մեզ քիչ գործ չի հաջողվել կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում (համագործակցության արդյունքները, վերհանված հիմնախնդիրներն ու առաջարկները՝ ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ): Բնականաբար, ցանկացած պետական մարմին կոչված է այս կամ այն կերպ պաշտպանելու մարդու իրավունքները՝ ամեն մեկն իր գործառույթների շրջանակներում:

Նշեմ, որ նախագահ Բակո Սահակյանը միշտ պատրաստակամ է եղել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, իր իրավասությունների շրջանակներում ընդառաջել է իմ առաջարկներին, իսկ որ դեպքում տարակարծություններ ենք ունեցել, բաց է եղել լսելու և քննարկելու փաստարկներս ու հիմնավորումներս: Կասեի, որ արդյունավետ աշխատանք է ստացվել նաև գործադիր գերատեսչությունների ղեկավարների հետ՝ որոշ դրվագային բացառություններով:

Հուսամ, որ նոր իշխանությունների օրոք ինստիտուցիոնալ դրական փորձն անխափան կգործի ու կզարգանա, իսկ ժողովրդին սրտացավ ծառայելու մղումներ ունեցող ու արհեստավարժ կադրերն էլ կշարունակեն իրենց ծառայությունը որևէ ձևաչափով»: