Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մինչ օրս որևէ մեկը չի դատապարտվել խոշտանգման համար․ Մարդու իրավունքների պաշտպան (տեսանյութ)

Խոշտանգման  արգելքը ունի բացարձակ բնույթ, այն չի ճանաչում որեւէ բացառություն՝  անկախ հանցանքի տեսակից, անկախ նրանից՝ ով է հանցանք կատարող անձը։ Ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

    Հայաստանի քրեական նախկին օրենսգիրքը  ուժեղ ցավ,  մարմնական կամ հոգեկան տառապանք առաջացնող խոշտանգման համար նույնպես սահմանում էր պատիժ։   Եթե նախկինում խոշտանգման  համար պատիժն առավելագույնը 7 տարի էր, ապա 2015թ օրենսդրական փոփոխություններից հետո  այն  հասնում է մինչեւ 12  տարվա։

Փոփոխվել  է  խոշտանգման հանցակազմի իրավական ձևակերպումը եւ  ամբողջովին համապատասխանեցվել  ՄԱԿ-ի՝  Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ  կոնվենցիայի առաջին հոդվածին: 

309․1 հոդվածն արդեն  որպես սուբյեկտ մատնանշում է պաշտոնատար անձին կամ պետական մարմնի անունից հանդես եկողին, որը  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում կամ  մեկ ուրիշին դրդում՝ օրինակ խոստովանություն ստանալու նպատակով։

Բացի այդ՝  գործող քրեադատավարական կարգավորումներով խոշտանգման դեպքերի համար  նախատեսվում է  հանրային  մեղադրանքի ռեժիմ, այսինքն՝ քրեական գործ հարուցելու համար տուժողի բողոքը պարտադիր պայման չէ:

Ըստ Արման Թաթոյանի՝  խոշտանգման մեր հանցակազմը լիարժեք համապատասխանում է  ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայի պահանջներին, ավելին խոշտանգման հանցակազմի մեր Քրեական օրենսգրքի բնորոշումը նույնիսկ ավելի առաջատար է, քան ՄԱԿ ի ձեւակերպումը։

 Օրենքը օրենք, բայց փաստն այն է, որ դատարանները հինգ տարում որեւէ մեկին չեն դատապարտել այս հոդվածով։

Արման Թաթոյանը  նաեւ  անդրադառնում է հոգեբուժական ծառայությունների խնդրին։  ՄԻՊ աշխատակազմը այս հաստատությունները մշտապես  վերահսկում է։ Ըստ Պաշտպանի՝  տարիներով մարդիկ մոռացված են եղել այդ հաստատություններում։

Մեր երկրում խնդիր է  նաեւ  միայն հոգեբուժարանների աշխատողների աշխատողների չափը, եւ ամենակարեւորը՝ հոգեբույժների քանակը։ Օրինակ՝ Սյունիքում կա երկու հոգեբույժ, եւ ինչ կլինի՝ երբ նրանք չաշխատեն։

 

Մանրամասները տեսանյութում