Բացել լրահոսը Փակել լրահոսը
97992951_239344634158323_4264572456691302400_n
A A
Մարզեր Հասարակություն

Արագիլների բները քանդել են. բնակիչն ահազանգում է․ լուսանկարներ

Արարատի մարզի Զորակ գյուղում արագիլների երկու բները քանդել են, թռչունները նոր բույն հյուսել չեն կարողանում․ խնդրի մասին բարձրաձայնում է «Ա1+»-ի խմբագրություն ահազանգած Զորակ գյուղի բնակիչ Հարություն Ալավերդյանը:

Բնակիչը պատմում է՝ մոտ 24 տարի իրենց գյուղում էլեկտրասյուների վրա արագիլները բույն են հյուսել: Վերջին օրերին այդ բներից երկուսը թեքվել էին անձրևային եղանակի պատճառով: Նկատել է, զանգահարել Մասիսի էլեկտրացանց, խնդրել, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն.

«Էլեկտրացանցից  ասացին, որ շաբաթ-կիրակի չեն աշխատում, հենց այս օրը արագիլի բույնի մի մասն ընկավ, ճտերը և ձվերը վնասվեցին»,-պատմում  է բնակիչը:

Ալավերդյանը պնդում է, որ երկուշաբթի էլեկտրացանցի աշխատողները եկել են,  եղաններով սկսել են քանդել բների մնացած մասերը, ասել են՝ արդեն քանդված են, իսկ  Էլեկտրասյուների վերևում փայտեր են տեղադրել, որպեսզի նուր բույն հյուսել չկարողանան.

«Իրենց տեղադրած մի  փայտը արդեն արագիլները ջարդել են, նոր բույն են հյուսել, մյուսները պտտվում են, նոր բույն հյուսել չեն կարողանում: Ես մի քանի անգամ  ասացի՝ մի քանդեք, ինձ ասացին՝ մի խառնվի, փայտը խփեցին ու գնացին»:

Բնակիչը զանգել է, խնդրել, որ գան փայտը հանեն, սակայն չեն արձագանքել:

Տեղեկատվությունը փորձեցինք պարզաբանել նաև Մասիսի էլեկտրացանցից, սակայն մեր տևական զանգերն անպատասխան մնացին: