Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քոչարյանը չէր կարող ներկայանալ․ նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է վիրահատության:

Հիշեցնենք, որ մայիսի  8-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու 3 միջնորդություն։ 

Անձնական երաշխավորությամբ դատարան էին ներկայացել  ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ 

Մյուս միջնորդությունները վերաբերում էին կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին, քանի որ փաստաբանական խումբը պնդում էր, որ ամբաստանյալը գտնվում է ռիսկային խմբում:

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել նշված երեք միջնորդությունները, և Քոչարյանը շարունակեց մնալ կալանքի տակ:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին։

Հեռարձակումը՝ Factor.am-ի