Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանտ-՛
A A
Պաշտոնական

Բավարար ուշադրություն չի դարձվում ազատազրկված անձանց կրթությանը․ հայտարարություն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության շրջանակներում անդրադարձել է նաև ազատազրկված անձանց հանրակրթության, բարձրագույն և հետբուհական կրթության կազմակերպմանն առնչվող խնդիրներին:
 
 
 
Ազատազրկված անձանց՝ հանրակրթություն ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը, որտեղ 2017-2018 ուսումնական տարում սովորել է 40, 2018-2019 ուսումնական տարում՝ 32 դատապարտյալ: Ուսումնական աշխատանքի կազմակերպման ձևերն են դասը (առկա ուսուցում) և խմբակային-անհատական խորհրդատվություններն ու զրույցները: Ուսուցումը կազմակերպվում է «Արթիկ» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությանբ: Դպրոցում հանրակրթություն են ստանում «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող 18 տարեկանից բարձր դատապարտյալները: Նրանց մեջ ներառված չեն օտարերկրացի ազատազրկված անձինք և ցմահ դատապարտյալները։  
 
Ազատազրկված անձանց հանրակրթություն ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ուներ «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը, որը 2017թ.-ից չի գործում՝ ազատազրկված անչափահասներին փաստացի զրկելով հանրակրթություն ստանալու հնարավորությունից:
 
Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո քննարկումներ են սկսվել կալանավորված անձանց և դատապարտյալների, այդ թվում՝ անչափահաս և կին դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման և արդյունավետ իրացման խնդրի լուծման շուրջ: Անչափահաս դատապարտյալների հանրակրթության իրավունքի ապահովումը ներառվել է ՀՀ կառավարության 2018թ. գերակա խնդիրների շարքում: Նույն թվականին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է քրեակատարողական հիմնարկներում հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ և 2019թ. սեպտեմբերի 1-ից մեկնարկել է հանրակրթական ուսուցման դասընթացները:  
 
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, քայլեր ձեռնարկվում են ազատազրկված անձանց հանրակրթությունը կազմակերպելու ուղղությամբ, սակայն գործնականում այն ուղեկցվում է մի շարք խնդիրներով։  
 
Մտահոգիչ է այն, որ Արթիկի երեկոյան դպրոցը միջնակարգ հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն է իրականացնում, սակայն չունի համապատասխան լիցենզավորում։ Հետազոտության իրականացման շրջանակներում հնարավոր չի եղել նշված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հասցեագրված գրությունը մակագրվել է ՀՀ Շիրակի մարզպետարանին: Վերջինս պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ պահանջվող տեղեկատվությունը կարող ենք ստանալ Արթիկի երեկոյան դպրոցից այն հիմնավորմամբ, որ դպրոցը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատություն է։ Դպրոցը ևս հարցադրումների վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրել։     
 
Հայաստանում 12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Ըստ այդմ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է  մինչև 19 տարեկան ազատազրկված անձանց հանրակրթական ուսուցումը։
 
Ճիշտ է, Արթիկի երեկոյան դպրոցում հանրակրթական ուսուցման մեջ ընդգրկված են 18 տարեկանից բարձր դատապարտյալները: Այս դեպքում, սակայն, խնդիրն այն է, որ դպրոցը գործում է միայն «Արթիկ» ՔԿՀ-ում և հասանելի չէ մնացած հիմնարկների դատապարտյալների համար։ Փաստորեն, հանրակրթական ուսուցման մեջ ներառված չեն բոլոր այն կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից։
 
Քրեակատարողական ծառայության կողմից ստացված վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ հիմնարկները քրեակատարողական ծառայության հետ հանրակրթություն ստացած անձանց վերաբերյալ ըստ կարգավիճակի (կալանավորված անձ կամ դատապարտյալ), տարիքի, պատժաչափի, քաղաքացիության կամ այլ հիմքերի միասնական հաշվառում չեն իրականացնում։ Ավելին, չի իրականացվում կալանավորված անձանց և դատապարտյալների կրթության աստիճանի վերաբերյալ հաշվառում, ինչը նշանակում է, որ դեռևս պատշաճ ուշադրություն չի դարձվում ազատազրկված անձանց կրթական կարիքներն ուսումնասիրելուն և համապատասխան հանրակրթական ուսուցման ծրագրեր մշակելուն։
 
«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման համաձայն (այսուհետ՝ ներքին կանոնակարգ)՝ կալանավորված անձանց և դատապարտյալների (բացառությամբ անչափահասների) հանրակրթությունը կարող է կազմակերպվել նաև դրսեկության ձևով, մինչդեռ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ վերջին երկու տարիների ընթացքում նման դեպքեր չեն արձանագրվել։
 
Այսպիսով, չնայած սահմանված ընթացակարգին՝ ազատազրկված անձինք հիմնարկից դուրս կազմակերպվող հանրակրթության մեջ ներգրավվելու հնարավորությունից չեն օգտվել։  
 
 
 
Ազատազրկված անձանց բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպվում է իրենց դիմումի հիման վրա: Քրեակատարողական ծառայությունը համագործակցության համաձայնություն է ձեռք բերում այն ուսումնական հաստատությունների հետ, որտեղ սովորելու համար դիմել են ազատազրկված անձինք և որոնք պետք է կազմակերպեն ազատազրկված անձանց բարձրագույն և հետբուհական կրթությունը:
 
Ըստ քրեակատարողական ծառայության տրամադրած պաշտոնական տվյալների՝ 2018 թվականին 5 դատապարտյալ ստացել է բարձրագույն, 2-ը՝ հետբուհական կրթություն.
 
 
 
«Արմավիր» ՔԿՀ 
 
Ուրարտու համալսարան, հոգեբանություն
 
Ուրարտու համալսարան, ասպիրանտ (հետբուհական), հոգեբանություն
 
«Նուբարաշեն» ՔԿՀ
 
Ուրարտու համալսարան, հոգեբանություն
 
Ուրարտու համալսարան, հոգեբանություն
 
Հյուսիսային համալսարան, ինֆորմատիկա և հաշվապահական տեխնիկա, ծրագրավորող
 
«Արթիկ» ՔԿՀ
 
Ուրարտու համալսարան, ասպիրանտ (հետբուհական), հոգեբանություն
 
«Վարդաշեն» ՔԿՀ
 
Ճարտարագիտական համալսարան, մեքենաշինության ֆակուլտետ
 
 
 
Տրամադրված տեղեկությունից հնարավոր չէ պարզել՝ նշված անձինք արդեն ավարտել են, թե դեռևս սովորում են: Ավելին, ըստ վիճակագրական տվյալների՝ նշված ժամանակահատվածում բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստացող բոլոր անձինք դատապարտյալներ են, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ կալանավորված անձանց բարձրագույն կրթությունը կազմակերպելուն դեռևս բավարար ուշադրություն չի դարձվում: 
 
Ընդ որում, բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստացած դատապարտյալների վերաբերյալ քրեակատարողական ծառայությունից, հիմնարկներից և բարձրագույն ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համադրման արդյունքում պարզ է դարձել, որ հետբուհական կրթություն ստացած 1 անձի տվյալներ հաշվառվել են 2 անգամ, քանի որ տվյալ անձը 2018 թվականին մեկ հիմնարկից տեղափոխվել է մեկ այլ հիմնարկ:
 
Պատճառն այն է, որ հիմնարկները քրեակատարողական ծառայության հետ բարձրագույն և հետբուհական կրթություն ստացած անձանց վերաբերյալ ըստ կարգավիճակի (կալանավորված անձ կամ դատապարտյալ), տարիքի, քաղաքացիության, քրեական հոդվածի, պատժաչափի կամ այլ հիմքերի միասնական հաշվառում չեն իրականացնում: Հաշվառում չի իրականացվում նաև ազատազրկված  անձանց կրթական աստիճանի վերաբերյալ: Մինչդեռ նման հաշվառում իրականացնելը թույլ կտա ուսումնասիրել ազատազրկված անձանց մասնագիտական կարիքները, ինչպես նաև բացահայտել մի շարք այլ օրինաչափություններ, օրինակ՝ ազատազրկման պատճառով կրթությունից դուրս մնալու դեպքերը:
 
Ներքին կանոնակարգի համաձայն՝ բարձրագույն և հետբուհական կրթությունը կազմակերպվում է ազատազրկված անձանց հաշվին։ Հիմնարկի վարչակազմը կարող է նաև համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ այն ոչ նրանց հաշվին կազմակերպելու համար։ Մինչդեռ հետազոտության իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ բարձրագույն կրթություն ստացած անձինք ուսման վարձը փոխհատուցում են իրենց հաշվին՝ ընտանիքների կամ հարազատների աջակցությամբ: Ավելին՝ պարզվել է, որ քրեակատարողական ծառայությունը չի տիրապետում ուսման վարձի փոխհատուցման կամ զեղչային համակարգերի վերաբերյալ որևէ տեղեկատվության:
 
Կարող ենք եզրակացնել, որ դեռևս համապատասխան աջակցություն չի ցուցաբերվում բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստացող ազատազրկված անձանց, ինչպես նաև չի գործում նրանց շրջանում բարձրագույն կրթություն ստանալը խրախուսելու որևէ մեխանիզմ (ուսման վարձի փոխհատուցում կամ ճկուն զեղչային համակարգի ներդնում)։
 
Ներքին կանոնակարգը նախատեսում է, որ կալանավորված անձանց կամ դատապարտյալների բարձրագույն և հետբուհական կրթությունը կարող է իրականացվել նաև դրսեկության ձևով` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների կրթությունը կարող է կազմակերպվել ստացիոնար ձևով՝ չխոչընդոտելով պատիժը կրելու կարգին և պայմաններին: Մինչդեռ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ վերջին երկու տարիների ընթացքում դրսեկության կամ ստացիոնար ձևով կրթություն ստացող ազատազրկված անձինք չեն եղել։
 
Այսպիսով, ազատազրկված անձանց բարձրագույն կամ հետբուհական կրթությունն արդյունավետ ձևով չի իրացվում ինչպես վերը թվարկված խնդիրների, այնպես էլ այն պատճառով, որ բավականին թույլ է քրեակատարողական հիմնարկների և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը:
 
 
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հկ