Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել. Փաշինյանը՝ ԼՂ խնդրի վերաբերյալ բանակցությունների մասին (տեսանյութ)

«Մենք մեր սկզբունքները արձանագրել ենք, հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել», -այսօր  հրավիրված առցանց ասուլիսում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում:

 «Հարց է եղել, թե արդյոք մենք շարունակելու ենք բանակցությունները այն կետից, ինչ կետից թողել էր Սերժ Սարգսյանը, մենք ասել ենք, որ ոչ, որովհետև այն, ինչ որ մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցի կարգավորման վերաբերյալ կան ամենատարբեր տեսակետներ.

«Փուլային և փաթեթային ասելով, պետք է նաև հասկանանք՝ ինչ ենք հասկանում: Փաթեթային ասելով ի՞նչ ենք հասկանում, հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մեկ ժամո՞ւմ, փուլային ասելով ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ, սրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը վերահաստատեց այս հարցի շուրջ արդեն հնչած կառավարության դիրքորոշումը.

«Մենք պետք է գտնենք լուծում իմ առաջարկած բանաձևի շրջանակում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»:

Փաշինյանը շեշտեց, որ հետևողական պաշտպանելու են այս դիրքորոշումը, կոմպրոմիսի դեպքում, լուծման հնարավորության դեպքում պետք է ցուցաբերել ճկունություն:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր՝ նախկինում արված հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը կառուցողական է տրամադրված: Անկախ հնչած քննադատություններից՝ վարչապետը չընդունեց, որ սխալ է ձևակերպել և նշեց, թե ինչ է նկատի ունեցել.

«Մենք բաց, ուղիղ շփվում ենք և այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված, և ես դա շատ կարևոր եմ համարում, որ մենք հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում ենք և արձանագրում ենք, որ պետք է աշխատենք: Այսօրվա դիրքորոշումները փոխադարձաբար հայտնի են, բայց մենք նաև հասկանում ենք, որ մենք պետք է աշխատենք գտնել լուծում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց նա:

Վարչապետը խոսակցության մթնոլորտը համարեց շատ կարևոր: Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշումը քննադատում է մեկ Ադրբեջանը, մեկ էլ հայտնի շրջանակները: