Բացել լրահոսը Փակել լրահոսը
Foto QK
A A
Պաշտոնական

Դանակահարություն՝ մանր եղջերավոր անասունների կողմից ճանապարհը փակելուց հետո․ մանրամասներ

Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը հետախուզվում է՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդին դանակահարելու մեղադրանքով

2020 թվականի մայիսի 13-ին, ժամը` 21:10-ին, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի հետին մակերեսի բազմաթիվ ծակած-կտրած թափանցող վերքերով բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 22-ամյա բնակիչ:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը` 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ՝ ճանապարհը վերջիններիս պատկանող մանր եղջերավոր անասունների պատճառով անանցանելի լինելու հարցի շուրջ: Այնուհետև 20-ամյա երիտասարդը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված շուրջ 10 անձանց հետ միասին, վիճաբանությունը շարունակել է  Գեղամավան գյուղի մշակույթի պալատի շենքի հարակից հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդի թիկունքին՝ առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով, և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, կատարվել են խուզարկություններ և առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու, հետախուզվողին հայտնաբերելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին