Արման Սարգսյանը հանձնարարեց բացառել ոստիկան-կրիմինալ կապը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Արման Սարգսյանը։
Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ, վարչությունների ու տարածքային բաժինների պետեր, ծառայության գծով տեղակալներ։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը վեր հանեց արտաքին ծառայության թերությունները։
Արման Սարգսյանը խոսելով համայնքային ոստիկանների ծառայության մասին՝ նշեց, որ նրանք պետք է իդեալական տիրապետեն իրենց հատկացված տարածքների իրավիճակներին։ Արման Սարգսյանը կարևորեց հանցագործությունների կանխման ու նախականխման միջոցառումները և պրոֆիլակտիկ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Ոստիկանության պետը խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը։ Նման դեպքեր բացահայտվելու դեպքում ծառայողը կենթարկվի խիստ պատասխանատվության։
Համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանձնարարվեց նաև անվերապահորեն ապահովել ՀՀ Պարետի որոշումների կատարումը։ Խոսվեց ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետը հանձնարարեց քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական։ Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, կադրային քաղաքականության և ծառայությանը վերաբերող այլ հարցեր։