Բացել լրահոսը Փակել լրահոսը
0034
A A
Պաշտոնական

Ինչպիսին է ՔԿՀ-ների գրադարանների և ընթերցասրահների աշխատանքը

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության մեջ ուսումնասիրել է նաև քրեակատարողական հիմնարկներում գրադարանների և ընթերցասրահների առկայությանը, համալրվածությանը և մի շարք այլ խնդիրների։
 
Ազատազրկված անձանց համար գրականության, գրադարանի և ընթերցասրահների հասանելիությունն ապահովելը կարևոր նշանակություն ունի ոչ միայն նրանց կրթության և զբաղվածության, այլև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման տեսանկյունից:
 
Ըստ քրեակատարողական հիմնարկներից ստացված պաշտոնական պարզաբանումների՝ բոլոր քրեակատարողական հիմնարկները, բացառությամբ «Աբովյան», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ների, ունեն 1-ական գրադարաններ, որոնք համալրված են գրականությամբ: «Աբովյան» ՔԿՀ-ն ունի 1 հիմնական և 2 տեղամասային, իսկ «Արթիկ» ՔԿՀ-ն՝ 1 աշխարհիկ և 1 հոգևոր գրադարան: Ընդ որում, «Հրազդան» ՔԿՀ-ում գրադարանի համար առանձին տարածք հատկացված չէ, և գրապահոցը տեղակայված է հոգեբանի աշխատասենյակում:
 
 
 
Հիմնարկներից ստացված պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքում ի հայտ են եկել մի շարք այլ խնդիրներ ևս:
 
 
 
Այսպես, գրադարանները նոր գրականությամբ համալրելու հարցում պետական մոտեցում չի ցուցաբերվում: Համալրումները հիմնականում կատարվում են նվիրատվությունների միջոցով կամ հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից: Ընդ որում, համալրումներ կատարելիս նկատի չեն առնվում ազատազրկված անձանց մասնագիտական և կրթական կարիքները, քանի որ նման ուսումնասիրություններ չեն իրականացվում:
 
 
 
Գրքերից, ամսագրերից և թերթերից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշումը (այսուհետ՝ ներքին կանոնակարգ), որի համաձայն՝ գրքերի և ամսագրերի փոխանակությունն իրականացնում է գրադարանավարը՝ ազատազրկված անձանց պատվերների հիման վրա: Հետազոտությունն իրականացնելու ընթացքում, սակայն, պարզվել է, որ բացակայում է հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու հարցում միասնական մոտեցումը:
 
 
 
Այսպես, ըստ քրեակատարողական հիմնարկների տրամադրած տվյալների՝ գրադարանավարի հաստիք նախատեսված է «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Այդտեղ գրադարանավարի աշխատանքը կատարում է հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից մեկը: Աշխատանքի համար սահմանված է նաև վարձատրություն՝ նվազագույն աշխատավարձի չափով: Գրադարանավարի հաստիք նախատեսված չէ «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Կոշ», «Հրազդան», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում, որտեղ, բացի «Կոշ» ՔԿՀ-ից, գրադարանավարի գործառույթը կատարում են հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները: «Կոշ» ՔԿՀ-ում այդ աշխատանքը կատարում է դատապարտյալներից մեկը՝ առանց վարձատրության:
 
 
 
Տրամաբանական է, որ քրեակատարողական հիմնարկներում գրադարանավարի հաստիք նախատեսելու և այն համալրելու հարցում միասնական մոտեցման բացակայությունը գործնականում կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:
 
 
 
Օրինակ՝ գրադարանավարի գործառույթ կատարելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների համար: Իսկ գրադարանավարի աշխատանքը դատապարտյալների կողմից կատարվելու դեպքում տվյալ հաստիքը կարող է թափուր մնալ, քանի որ գրադարանավարի աշխատանքը կատարող դատապարտյալի՝ պատժի հետագա կրումից ազատվելու դեպքում այդ աշխատանքում այլ դատապարտյալ ներգրավելը որոշ ժամանակ է պահանջում:
 
 
 
Ներքին կանոնակարգը սահմանում է, որ կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալները օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին: Հիմնարկների կողմից տրամադրված տեղեկատվությունը փաստում է, որ այս առումով ևս առկա չէ միասնական մոտեցում:
 
 
 
Այսպես, գրադարաններին կից ընթերցասրահներ գործում են «Արթիկ», «Կոշ», «Սևան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում: Ընդ որում, «Կոշ» ՔԿՀ-ում առկա է 2 ընթերցասրահ՝ 1-ը աշխարհիկ, մյուսը՝ հոգևոր գրականություն ընթերցողների համար: «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց և անչափահասների տեղամասերի գրադարաններում, «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Հրազդան», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում ընթերցասրահներ առկա չեն, և ազատազրկված անձինք ընթերցանությամբ զբաղվում են խցերում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ զրուցարաններում կամ հիվանդասենյակներում:
 
 
 
Համապատասխան պայմանների բացակայությունը բացասաբար է անդրադառնում ընթերցանության վրա: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ազատազրկված անձանց շատ քիչ տոկոսն է զբաղվում ընթերցանությամբ: Թերևս բացառություն է կազմում «Վարդաշեն» ՔԿՀ-ն, որտեղ գրադարանից օգտվում է ազատազրկված անձանց 90 տոկոսը:
 
 
 
Ի դեպ, առկա չէ գրքերի սպասարկման և գրականությունից օգտվող անձանց վերաբերյալ հաշվառում իրականացնելու միասնական ընթացակարգ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնիսկ հաշվառում չի իրականացվում։
 
 
 
Ներքին կանոնակարգը նախատեսում է բաժանորդագրության միջոցով գրականությունից եւ պարբերական մամուլից օգտվելու ընթացակարգ: Բաժանորդագրությունը ձևակերպվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անունով` հիմնարկի փոստային հասցեով, իսկ բաժանորդագրության համար անհրաժեշտ դրամը փոխանցվում է կալանավորված անձի կամ անձնական հաշվից:
 
 
 
Մինչդեռ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ վերջին երկու տարիների ընթացքում կալանավորված անձինք և դատապարտյալները չեն դիմել իրենց հաշվին կամ բաժանորդագրության ձևով ձեռք բերված գրականությունից եւ պարբերական մամուլից օգտվելու համար:
 
 
 
Հարկ է նշել, որ 2018 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջարկվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարել և գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել։ ՀՀ կառավարությունը, սակայն, բացասական դիրքորոշում է հայտնել նախագծով առաջարկվող իրավակարգավորումների կապակցությամբ:
 
 
 
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, դժվար է գնահատել, թե գործնականում ընթերցանությունը ինչպես է նպաստում ազատազրկված անձանց արդյունավետ զբաղվածության ապահովմանը, նրանց զարգացմանը և մասնագիտական կարողությունների պահպանմանը, քանի որ բացակայում են ընթերցանությունը խրախուսելու համապատասխան միջոցները և պայմանները։
 
 
 
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հկ