Բացել լրահոսը Փակել լրահոսը
75649427_2547958728759056_22836882278711296_o
A A
Պաշտոնական

«Բազմակի խախտումներ են թույլ տվել»․ պարզաբանում՝ երկու աշխատակիցների հայտարարությունների վերաբերյալ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից պարզաբանում են ներկայացրել նախօրեին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցով հանդես եկող ԵԱՍՄ երկու աշխատակիցների հայտարարությունների վերաբերյալ:

«Աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը խոշոր կոլեկտիվ է, որտեղ աշխատող մարդիկ տարբեր անձնական կամ աշխատանքային խնդիրներ կարող են ունենալ: Այնուհանդերձ, նորաստեղծ հիմնարկի տնօրինությունը ջանում է հնարավորինս համերաշխ մթնոլորտ ապահովել կոլեկտիվում՝ միեւնույն ժամանակ ապահովելով աշխատանքի արդյունավետությունը՝ ի շահ Երեւան քաղաքի:

Ցավոք, մեր հիշյալ երկու աշխատակիցներն իրենց աշխատանքի ընթացքում բազմակի խախտումներ են թույլ տվել ՝ ինչպես գործընկերների հետ միջանձնային հարաբերություններում, այնպես էլ բուն աշխատանքային պարտականությունների իրացման հարցում: Շատ դեպքերում նրանց վարքագծի հանդեպ ցուցաբերվել է ներողամիտ վերաբերմունք: Այնուամենայնիվ, պարբերաբար կրկնվող խնդիրները չեն կարող հետեւանքներ չառաջացնել, որովհետեւ մեզ համար կարգապահությունը արդյունավետ աշխատանքի հիմքերից մեկն է:

Իրենց շահերը պաշտպանելու համար հանրային ակցիաներ իրականացնելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում՝ իրավունքի վերաբերյալ ուրույն պատկերացումներ ունեցող մեր քաղաքացիները: Ամեն դեպքում, նրանք աշխատանքային հարաբերություններում ծագած կոնֆլիկտները կարող են լուծել նաեւ դատական կարգով: Հայտնում ենք, որ պատրաստ ենք պաշտպանել քաղաքի մաքրությունն ապահովող հիմնարկի շահերը ՝ իրավական բոլոր միջոցներով»:

Նշենք, որ վերոնշյալ աշխատակիցները նախօրեին բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ՝ աշխատանքային պայմաններից դժգոհելով։