Բացել լրահոսը Փակել լրահոսը
գրադարան
A A
Հասարակություն

Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային համայնքի տարիների աշխատանքը. ածխացել են սերվերները․ «Արեւելք»

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: 

 Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը,  «Արեւելքի» հարցմանն ի պատասխան հայտնել , որ   ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները։

Թե ինչ վնաս են  կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ   նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց,  հին սերվերները հազիվ թե վերականգնվեն: 

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:  

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս՝ կրկին տեղադրելու շտեմարանները: 

 «Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»,-ասել է  շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը: 

Ի դեպ,  Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր:

Ամբողջական հոդվածն այստեղ․