Բացել լրահոսը Փակել լրահոսը
2019AM_968775_187618082
A A
Պաշտոնական

Կովկասյան ընձառյուծին վնասելու համար սահմանված է տուգանք՝ 100-500 միլիոն դրամի չափով (տեսանյութ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Ինչպե՞ս կովկասյան ընձառյուծը հարձակվեց ենոքավանցի Արման Գաբրիելյանի վրա և ինչպե՞ս ավարտվեց նրանց հանդիպումը՝ գիտեն գրեթե բոլորը։❗️

Դեպքը մեծ արձագանք ունեցավ։ Սակայն այն ուշագրավ էր ոչ միայն վայրի կենդանու՝ մարդու վրա հարձակվելու հանգամանքով, այլ նաև կովկասյան ընձառյուծի՝ Տավուշում հայտնվելու փաստով։

Ուսումնասիրությունների արդյունքում Արման Գաբրիելյանի վարկածը հերքվել էր, սակայն այն հաստատվեց ավելի ուշ, երբ ֆոտոթակարդները Ենոքավանի հարակից լեռներում ֆիքսեցին կովկասյան ընձառյուծին։

50 տարի անց Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին վերադարձել էր Տավուշ, ինչը կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից աննախադեպ հաջողություն էր։

 Արման Գաբրիելյանը, համարձակությունից զատ, դրսևորել էր նաև բարձր գիտակցություն և 10-15 վայրկյան տևած պայքարից հետո, միևնույն է չէր վնասել հազվագյուտ գիշատչին։ Կենդանուն վախեցնելու նպատակով երկու կրակոց էր արձակել այլ ուղղությամբ, որից հետո ընձառյուծը հեռացել էր։

 Նախորդ տարի ձմռանը տեղի ունեցած դեպքի հետքերով, կենդանու անցած ճանապարհն ուսումնասիրելու և նրա պահպանությունը պատշաճորեն կազմակերպելու համար Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից բարձունքներ բարձրացան շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը։
Ենոքավանի բնակիչ Արման Գաբրիելյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալներն այցելեցին այն վայրը, որտեղ նախորդ տարի տեղ էր գտել մարդու և կարմիգրքյան կենդանու հանդիպումը։

Ուսումնասիրություններին մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի, Ենոքավանի գյուղապետարանի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ներկայացուցիչները։ Տարածքի զննության արդյունքներով պարզ կդառնա, թե ի՞նչ հետագծով է կենդանին հյուսիսից հասել հարավ, կմշակվեն համապատասխան գործողություններ՝ կենդանու հետագա շարժը անխոչընդոտ ապահովելու համար։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով կովկասյան ընձառյուծի պոպուլյացիան արձանագրում է աճի միտումներ։ Այս կենդանին գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և գտնվում է մեր երկրի բնության, էկոհամակարգի բուրգի գագաթում՝ հավասարակշռելով Հայաստանի կենդանական աշխարհը։

‼️Նշում․ կովկասյան ընձառյուծին վնասելու համար սահմանված է տուգանք՝ 100-500 միլիոն դրամի չափով»։