Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե ունենանք վարակված դատապարտյալ, չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալ, կալանավորված անձ այս պահի դրությամբ վարակված չէ կորոնավիրուսով․ սա կանխարգելման միջոցների արդյունավետությամբ է պայմանավորված։ Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Իհարկե, կարծում եմ՝ այս իրավիճակը երկար դժվար թե շարունակվի, որովհետև կորոնավիրուսի տարածման տեմպերը անպայմանորեն բերելու են մի իրավիճակի, երբ ունենանք վարակված դատապարտյալ, բայց սա չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի, որովհետև մենք «Դատապարտյալների հիվանդանոցում» վաղուց պատրաստել ենք հատուկ կահավորված 2 մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և վերահսկողությունը հնարավոր կլինի»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

ՔԿՀ ծառայողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ըստ նախարարի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում 1 հերթափոխի ծառայողներ էին վարակվել։

«8 դեպք ունեինք, դրանից հետո մի քանի կասկածելի դեպք ենք ունեցել, որտեղ թեստավորում ենք արել։ Այս պահի դրությամբ որևէ թիվ չհարապարակեմ, որովհետև վստահ չեմ, որ կոնկրետ թիվը գիտեմ։ Թեստերը դեռ ընթացքի մեջ են։ Դեպք ունեցել էինք ծառայողների շրջանում, կարծես՝ «Սևանում» և «Հրազդանում»»,- ասաց նախարարը։

Արդարադատության նախարարից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու պարագայում հանրային տրանսպորտը կաշխատի՞․ Ռուստամ Բադասյանը նախ ասաց, որ այն սահմանափակումները, որոնք այս պահին բացվել ե, և որոնք պահպանվում են, այս պահին ուժի մեջ են։

«Պարետատունը, խորհրդակցելով առողջապահական մարմինների հետ և հսկելով վարակի տարածման շրջանակները, կարող է ցանկացած պահի որոշում կայացնել հանրային տրանսպորտի սահմանափակումը վերացնելու կամ դեռևս պահպանելու մասով»,- նշեց նախարարը։