Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Պահանջում ենք ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին․ «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արդեն երկու տարի է, ինչ պաշտոնապես հայտարարված հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմի դեմ ապստամբած քաղաքացիները դեռևս ամբաստանյալ են, իսկ նրանցից երկուսը՝ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, ռազմագերի քաղբանտարկյալի կարգավիճակով գտնվում են բանտում:

Երկու շաբաթ առաջ մերժվեցին Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոփոխելու և նրանց ազատ արձակելու վերաբերյալ հերթական միջնորդությունները:

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ապստամբների և Սասնա Ծռեր համահայկական շարժման նկատմամբ իր քաղաքական վերաբերմունքը չքողարկել կեղծ օրինապաշտությամբ և հղում չտալ նախորդ ռեժիմի ծառա դատական համակարգի իբրև թե անկախության հանգամանքին:

Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է գիտակցի, որ մեր ընկերներին ռազմագերու կարգավիճակով բանտում որպես պատանդ պահելու միջոցով Սասնա Ծռեր համահայկական շարժմանը վերահսկելու իր ձգտումն անհնար է իրագործել:

Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերով ապստամբների վերաբերյալ կարված շինծու գործը, Մարտի 1-ի գործի օրինակով, պետք է իրավմամբ քննվի՝ ներառելով քաղաքական պատվերի, ապացույցներ կեղծելու, ինչպես նաև ոստիկաններին քաղաքական նկատառումներով դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքները:

Վերը նշվածը քաղաքական կամքի հարց է և պետք է լուծվի քաղաքական հարթության մեջ:

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք լինել ազնիվ և, քաղաքական կամք ցուցաբերելով՝ անհրաժեշտ քայլեր կատարել Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու, ապստամբների խեղկատակ դատավարությունը դադարեցնելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

13 մայիս 2020 թ., Երևան