Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան2
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակը ծավալվում է ամբողջ թափով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում, և մենք խնդիրների առաջ ենք կանգնում»,- Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ  արդեն քանի օր է՝ հարյուրից ավելի դեպքեր են արձանագրվում, ինչը նշանակում է, որ համաճարակային պայմանները չեն պահպանվում:

Տնտեսական գործունեության մյուս ձևերը առաջիկայում ևս բացվելու են, սակայն վարչապետը ընդգծեց վարակի դեմ ապակենտրոն պայքարի կարևորությունը:

«Ես այսօր տեսնում եմ փողոցում իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ զրուցող մարդկանց, սա մեծ պրոբլեմ է, և մենք այս տեմպերով կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մեզնից յուրքանչյուրը ունի հնարավորություն չվարակվելու և դիմացինին չվարակելու:  Երեք կարևոր կանոն նշեց, որոնք պահելու դեպքում կարող ենք զերծ մնալ վարակվելուց՝ սոցիալական հեռավորություն պահպանելը, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը և չախտահանված սպասքին չդիպչելը:

«Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, մենք պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց սա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել և վարակել ուրիշներին: Եթե նոր հիվանդացությունների դեպքերը այս տեմպով գնան, մենք ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, ու նպատակը այն է լինելու, որ չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ  սահմանափակումների մեղմացումը թույլ է տվել տնտեսությանը վերականգնման միտումներ ցույց տալ, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում առկա սոցիալական վիճակի վրա: Միևնույն ժամանակ կրկին շեշտեց, որ հակահամաճարակային կանոնները չպահելու դեպքում ստիպված են լինելու նորից գնալ սահմանափակումների, ինչը խիստ անցանկալի է:

Տեղեկացրեց նաև, որ  հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում երեկվա դրությամբ 73 միլիարդ դրամ բաշխվել է, միջոցառումներից օգտվել է 1,1 միլիոն քաղաքացի:

«Իմ խնդիրն է հիշեցնել, որ կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային պայմանները»,-եզրափակեց նա: