Բացել լրահոսը Փակել լրահոսը
1583959860099_default
A A
Պաշտոնական

Ինչպիսի ընթացք կունենա համաճարակի տարածումը մինչև ամսվա վերջ

Փորձագետների կարծիքով՝ այս համաճարակի տարածումը դժվար է կանխատեսել, առավել ևս՝ մոդելավորել, քանի որ մեծ ճշգրտություն կամ գոնե սխալի փոքր միջակայք ունենալու համար հարկավոր է հաշվի առնել մեծ թվով փոփոխականներ, հայտնում է Բրեվիս-ը։

Առաջին խնդիրն այն է, որ բոլոր երկրներում իրականում վարակվածների քանակն անհամեմատ ավելի շատ է, քան գրանցվածներինը։ Դրա մասին են վկայում ԱՄՆ որոշ նահանգներում ինչպես նաև Գերմանիայի առավել տուժած քաղաքներում իրականացված՝ հակամարմինների զանգվածային թեստավորման և այլ հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ առանց ախտանիշների դեպքերը գերակշռում են։ Արդյունքում՝ բացահայտվում է դեպքերի միայն մի մասը, որոշ գնահատականներով՝ փոքր մասը։ Բացի այդ՝ գոյություն ունի հստակ կախվածություն թեստավորման ակտիվության և բացահայտված դեպքերի քանակի ու դրանց մեջ առանց ախտանիշների վարակակիրների մասնաբաժնի միջև, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ վարակի տարածման վիճակագրական թվերը չեն արտացոլում իրականությունը, մանավանդ եթե թեստավորման ծավալը փոքր է լինում, ինչպես մեր երկրում։ Եթե հիմք ընդունենք վերոնշյալ ամերիկյան կամ գերմանական հետազոտությունները, ապա մեր հաշվարկներով՝ հնարավոր է, որ Հայաստանում մինչև այս պահը վիրուսակիր է եղել արդեն ավելի քան 25 հազար մարդ։ Այդպիսի եզրահանգման գալու համար հաշվի ենք առել մեր երկրի բնակչության սեռատարիքային կազմը, առողջապահական համակարգի զարգացվածությունը, մահացության ցուցանիշները, ինչպես նաև՝ վարակի տարածման օրինաչափությունները՝ համեմատելով դրանք  այլ երկրների հետ։ Սակայն ավելի հիմնավորված պատկերացում կազմելու համար նախընտրելի է համաճարակի գագաթնակետ նանցնելուն պես պատահական ընտրանքով հակամարմինների հետազոտություն իրականացնել բնակչության շրջանում։ Բնականաբար, նշված 25 հազարից շատերն ադեն բուժվել են, բայց չբացահայտված ակտիվ դեպքերը, որոնց թիվը կարող է լինել 5,000-ից ավելի, շարունակում են ազդեցություն թողնել վարակի տարածման դինամիկայի վրա՝ բարդացնելով կանխատեսումը:

Մոդելավորման երկրորդ խնդիրը մարդկանց վարքագծի փոփոխությունները կանխատեսելու բարդությունն է: Ճգնաժամային իրավիճակներում մարդիկ՝ ինչպես անհատապես, այնպես էլ կոլեկտիվով, կարող են պարադոքսալ և նույնիսկ բացատրության չենթարկվող վարք ցուցաբերել, օրինակ՝ զանգվածային պահանջարկ ներկայացնել որոշ ապրանքատեսակների նկատմամբ կամ ցանկություն ունենալ զբաղվելու գործունեության այնպիսի տեսակներով, որոնցով այլ իրավիճակներում չէին զբաղվի։ Բոլորիս ծանոթ պարադոքսալ երևույթներից մեկը համաճարակի տարածման վաղ շրջանում, երբ վարակվելու վտանգն անհամեմատ ավելի փոքր էր, մարդկանց ավելի զգուշավոր վարք ցուցաբերելն էր, քան շաբաթներ անց։ Այդուհանդերձ, վարքաբանական կաղապարներից շատերը հնարավոր է կանխատեսել և հաշվի առնել մոդելներում։ Օրինակ՝ նոր դեպքերի էքսպոնենցիալ աճի դեպքում, երբ առողջապահական համակարգը չի դիմանում ճնշմանը, և միանգամից մեծ թվով մահվան դեպքեր են լինում, մարդիկ դառնում են ավելի զգուշավոր՝ առանց որևէ մեկի հորդորի կամ պարտադրանքի։

Մոդելավորման երրորդ խնդիրը անկանխատեսելի փոփոխականների առկայությունն է։ Այսպես, անձրևոտ օրերին մարդիկ առանց անհրաժեշտության հակված չեն տանից դուրս գալու, ուստի եղանակը կարող է դեր խաղալ վարակի տարածման մեջ, սակայն այն անհնար է կանխատեսել երկար ժամանակահատվածի համար։ Կամ երկարաժամկետ ռազմավարության բացակայության դեպքում իշխանությունները կարող են ցանկացած պահի համաճարակի տարածման վրա ազդեցություն ունեցող որոշումներ կայացնել։ Դրան հակառակ՝ նախազատիկյան գնումները կանխատեսելի էին, ինչպես կանխատեսելի էին կարանտինային միջոցառումների թուլացումից հետո բանկերում և որոշ խանութներում գոյացած հերթերը։

Ակնհայտ է, որ չկա կանխատեսում, որը հաշվի կառնի բոլոր փոփոխականները, սակայն մեր մոդելում առավելագույնի են հասցված նշանակալի փոփոխականները։ Մեր կանխատեսումն իրականացված է մաթեմատիկական մոդելավորման միջոցով և վավեր է, եթե մինչև կանխատեսված ժամանակաշրջանի ավարտը նոր սահմանափակումներ չմտցվեն: Կանխատեսվում է, որ կարանտինի հետագա թուլացումը համենայն դեպս մինչև մայիսի 31-ը զուրկ է օբյեկտիվ հիմնավորումներից, սակայն եթե նման փոփոխություններ լինեն, ապա տվյալ մոդելը այդ դեպքում նույնպես կկորցնի իր ակտուալությունը։

Մոդելով նախատեսված է դեպքերի զարգացման երեք սցենար՝ լավատեսական, հոռետեսական և հավասարակշռված։ Սցենարների տարբերությունը պայմանավորված է առաջին հերթին տարբեր վարքաբանական կանխատեսումներով։

Լավատեսական սցենարը իրականություն կդառնա, եթե չնայած կարանտինային միջոցառումների թուլացմանը՝ մարդիկ պահպանեն անվտանգության կանոնները, հետևեն հիգիենային, ցուցաբերեն բարձր սոցիալական պատասխանատվություն։ Այս դեպքում տարածումը ավելի շուտ գծային, քան էքսպոնենցիալ բնույթ կկրի։

Հոռետեսական սցենարը ենթադրում է, որ կարանտինային միջոցառումների թուլացումից հետո մարդիկ լուրջ չեն վերաբերվի վարակի տարածման վտանգներին, և յուրաքանչյուրը կփորձի հնարավորինս շատ օգուտ քաղել առաջարկված ազատություններից։ Խոստովանենք, որ, օրինակ, մեկ շաբաթվա համար գնումներ կատարելու փոխարեն ամեն օր խանութ այցելելը վարակվելու հավանականությունը զգալիորեն բարձրացնում է։

Հավասարակշռված սցենարը կանխատեսում է, որ թեև կարանտինը թուլացնելուց հետո մարդիկ պակաս զգուշավոր կդառնան, բայց դեպքերի թվի արագ աճը որոշ չափով կզսպի նրանց տեղաշարժման և տնտեսական գործունեության ազատությունը։

Սցենարներից ոչ մեկը չի կանխատեսում համաճարակի տարածման դանդաղում՝ առանց նոր կանխարգելիչ միջոցառումների ներդրման։ Սակայն ամենայն հավանականությամբ մինչև ամսվա վերջ իշխանությունները ստիպված կլինեն այդպիսի սահմանափակումներ մտցնել, քանի որ մահացությունը գնալով աճելու է՝ առողջապահական համակարգի վրա ճնշման բարձրացմանը զուգահեռ։ Հաշվի առնելով վարակի տարածման օրինաչափությունները՝ դեպքերի նման զարգացման պարագայում նախընտրելի կլինի կիրառել այնպիսի միջոցառումներ, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունն այլ երկրներում։  

Այս պահին կարող ենք փաստել, որ Հայաստանում թեստավորման ծավալները  վարակի տարածմանը համընթաց չեն աճում։ Դրա մասին է վկայում նաև այն, որ գնալով կատարված թեստերի մեջ դրական թեստերի մասնաբաժինն աճում է, կամ այլ կերպ ասած՝ մեկ վարակակիր գտնելու համար կատարված թեստերի քանակը նվազում է։ Ստորև ներկայացված է մի շարք երկրների թեստավորման ցուցանիշը՝ վարակակիրների թվի համեմատությամբ։

Բրեվիս