Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեդա սաֆարյան 1
A A
Պաշտոնական

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնության գործով հետախուզվողներից մեկը կալանավորվել է

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: