Բողոքի ակցիա Կենտրոնական բանկի դիմաց․ մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ոչ բանկային թալանին» նախաձեռնությունն այսօր կրկին հավաք է անցկացնում Կենտրոնական բանկի առջև։
«Այստեղ համախմբված են մի խումբ քաղաքացիներ, ովքեր ներկայացնում են տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Ովքեր հավաքագրել են ստորագրություններ։ Եվ ովքեր ասում են՝ «Ո՛չ՝ թալանին», «Ո՛չ՝ վաշխառու վարկային կազմակերպություններին», և մեր պայքարը կոնկրետ բանկերի դեմ է, վարկային կազմակերպությունների, բանկային համակարգի դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը։
Նախաձեռնության անդամը նշեց, որ դիմումներ են ուղարկել ԱԱԾ, Ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին, Դատախազություն՝ բարձրաձայնելով, որ բանկերը, վարկային կազմակերպությունները թալանում են ժողովրդին արտակարգ դրության պայմաններում։
Իսկ Կենտրոնական բանկի մոտ հավաքվելու պատճառը, ըստ նրա, այն է, որ հենց ԿԲ-ից են ցանկանում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ՝ ի՞նչ իրավունքով են լիցենզիա տվել «Մոգո»-ին, ովքե՞ր են դրանց տնօրենները, ինչո՞ւ են լիցենզիա տվել «Վարկ», «ԳուդԿրեդիտ» վարկային կազմակերպություններին։
««Գլոբալ Կրեդիտը» տոկոսը բարձրացրել, հասցրել է մինչև 450, «Վարկ․am»-ը տարեկան տոկոսները սարքել է 183 տոկոս։ Եվ ժողովուրդը գերի է այս պահին։ Հայ ժողովուրդը այս կառույցի (ցույց է տալիս ԿԲ շենքը - հեղ․) ձեռքերում գերի է»,- ընդգծեց Մանուել Մանուկյանը։
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները հանդիպում են պահանջում ԿԲ նախագահի հետ։
Նշենք, որ ոստիկանները բերման ենթարկեցին հավաքի մի քանի մասնակիցների, այդ թվում՝ Մանուել Մանուկյանին։ Վերջինս կոչ արեց գալ և հավաքվել Ոստիկանության բաժանմունքի մոտ։
Հավաքի մասնակիցներից մի քանիսը կոչ արեցին հավաքվել նաեւ վաղը՝ առավոտյան ժամը 10։00-ին։