Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ի՞նչ հարցեր են տվել Կարեն Կարապետյանին․ Անդրանիկ Քոչարյանը մանրամասնեց (տեսանյութ)

ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը, ի տարբերություն մյուս հյուրընակալվողների, կարճ է տևել՝ մոտ մեկուկես ժամ։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանդիպման կարճ տևելը պայմանավորված է նրանով, որ Կարեն Կարապետյանը վարչապետ էր նշանակվել քառօրյա պատերազմից ամիսներ անց։

«Կարեն Կարապետյանին տրված հարցերը առնչվել են սպառազինությանը և թիկունքային ծառայությանը։ Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել են իր վարչապետության ժամանակ՝ ինչ աշխատանքներ են կատարվել 2016-2018թթ․ եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի։ Այս հարցերն ենք քննարկել, թե ինչու Հովիկ Աբրահամյանից հետո ձևավորված Կառավարությունը այդ հարցերը չի դարձրել իր առաջնահերթությունը, մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանը այնքանով՝ ինչքանով, որ Կարեն Կարապետյանը մեր բոլորին հարցերին պատասխանեց»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե Կարեն Կարապետյանը պնդե՞ց, որ անորակ վառելիք է օգտագործվել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե պարոն Կարապետյանը իրենց հետաքրքրող հարցի պատասխանը տվել է և իրենց համար ամեն ինչ հստակ է, այլ մանրամասներ չներկայացրեց Անդրանիկ Քոչարյանը։ Հարցին, եթե համադրում են Կարեն Կարապետյանի և մինչ այդ հանձնաժողովում հնչեցված պատասխանները, արդյո՞ք եղել է անորակ դիզվառելիք, որը սպառազինության չաշխատելու պատճառ է դարձել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք եղել են մինչև Կարեն Կարապետյանը և շատ կարևոր եմ համարել Պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները։ Մի գնահատական տամ Պաշտպանության բանակի սպայակազմի հետ կապված։ Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ Պաշտապնության բանակի սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքան որ կարողացել է։ Բայց դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պիտի տա այնպիսի եզրակացություն, որը ներառի նաև ձեզ հուզող հարցերը, հիմա դուք մանրամասներ եք ուզում, ես դա ձեզ չեմ ասի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Վերջինիս առաջարկվել է մայիսի 18-ից մինչև 25-ը ներկայանալ հանձնաժողով, իսկ եթե ոչ ապա տեսազանգի միջոցով նիստն անեն։

Դրա համար Անդրանիկ Քոչարյանը նամակ է ուղարկել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, որպեսզի աջակցի Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը նիստին։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։