Բացել լրահոսը Փակել լրահոսը
2017AM_karen_karapetyan_977737846
A A
Քաղաքականություն

Գրգռված ու քաղաքականացված է․ Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության և այլ հարցերի մասին (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որն այսօր հյուրընկալել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Լրագրողները նախ հետաքրքրվեցին, թե հետևո՞ւմ է քաղաքական իրադարձություններին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց՝ որոշակի հետևում է, ոչ համակարգված։

Թե ինչպե՞ս է գնահատում Կառավարության աշխատանքը, նախկին վարչապետը նախ հաջողություններ մաղթեց գործադիր իշխանությանը այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալու համար, ապա նշեց, որ շատ հարցերում Կառավարության հետ համաձայն չէ։

Հարցին, թե ի՞նչն է իրեն կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչո՞ւ է նա անձնական երաշխավորություն ներկայացրել երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար, Կարեն Կարապետյանն նախ ասաց, որ ինքը շահագրգռված է մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերին պատասխաններ տալու համար, երկրորդ՝ ինքը հարգում և գնահատում է Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդն Արցախի և Հայաստանի անկախության և կայունացման գործընթացում, երրորդ՝ մոտ երկու տարի տևող այդ դատական պրոցեսը հավանական է, որ երկար կարող է տևել, այդ իսկ պատճառով ինքը անձնական երաշխավարություն է ներկայացրել, որպեսզի Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։

«Ինձ թվում է՝ այս պրոցեսը բավականին գրգռված ու քաղաքականացված է, ինչպես կգնահատեն իմ քայլը, ես հիմնավորել եմ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունքն ունի, որևէ մեկը չի ասում՝ մեղավորին անմեղացրեք, մենք ընդամենն ասում ենք՝ հաշվի առնելով այս պրոցեսը, խափանման միջոցը փոխեք»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով նիստի աշխատանքներին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը հիմնավորումներ ունի՞, երբ տարիներ առաջ ԱԺ ամբիոնից ասել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմին անորակ վառելիք է օգտագործվել, Կարեն Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովում այդ կապակցությամբ բացատրություն տվել է։ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին, թե առաջիկայում քաղաքականությամբ զբաղվելո՞ւ է․ Ասաց՝ ոչ, չի զբաղվելու։ Հարցին, երբ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին կալանավորեցին, ինքն է գնացել և ազատե՞լ, Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը չի ազատել, այլ միջնորդել է դատախազին, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գան։ Հարցին, թե իրեն խաբված չի՞ զգում, նախկին վարչապետը բացասական պատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։