Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուկ
A A
Քաղաքականություն

Զելենսկին շահագրգռված է ընդլայնել գործընկերների թիվը. ուկրաինացի քաղաքագետը՝ Երևանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն UA-Report.info-ին տված հարցազրույցում պատմել է հայ-ուկրաինական փոխհարաբերությունների ներկա իրողությունների, երրորդ երկրների գործոնի մասին, որոնք ազդում են Կիևի և Երևանի հարաբերությունների դինամիկ զարգացման վրա, ինչպես նաև համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ քայլերի մասին։

«Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները նոր, ավելի կառուցողական մակարդակի հասցնելու համար գլխավոր իմպուլսը կարող է պատկանել նախևառաջ հասարակական կազմակերպություններին, Ուկրաինայի հայ համայնքին, քանի որ այն շատ ակտիվ է և բավականին մեծ հեղինակություն է վայելում, և շատ հետաքրքրված է, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանան հնարավորինս լավ»,- նշել է նա։

Քաղաքագետի կարծիքով՝ Ուկրաինայի հայ համայնքը կարող է դառնալ գլխավոր շարժիչ ուժը՝ առաջարկելով նոր նախաձեռնություններ։

«Հենց Ուկրաինայի հայ համայնքը կարող է ստանձնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման և առավել դրական զարգացման գործում գլխավոր շարժիչ ուժի դերը, առավելևս ներկայիս իրավիճակը կարող է նպաստել դրան։ Մեր նախագահը հետաքրքրված է գործընկերների թիվն ավելացնելու մեջ, և նա, ըստ էության, պատրաստ է համագործակցել, և Ուկրաինայում հայ համայնքը, որն առանց այն էլ մեծ առաքելություն է կատարում մեր երկու ժողովուրդների շրջանում, պահպանում է լավ հարաբերությունները, կարող է դառնալ այն շարժիչ ուժը, որը նոր իմպուլս կհաղորդի երկկողմանի հարաբերություններին»,- ընդգծել է Ֆեսենկոն։

Փորձագետը համարում է, որ դրանք կարող են լինել փորձագիտական և լրագրողական հանրության ներկայացուցիչների միջև շփումները։

«Ուկրաինացիները կարող են շատ հետաքրքիր տեղեկություններ ստանալ վերջին տարիների Հայաստանի քաղաքական զարգացումներին վերաբերյալ՝ արդեն նոր կառավարության օրոք, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի փորձի և այն մասին, թե ինչպես է Հայաստանը հաղթահարում այդ խնդիրները, որը արդիական է Ուկրաինայի համար։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ Հայաստանին նույնպես շատ կարևոր է և հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես է զարգանում Ուկրաինան արդեն նախագահ Զելենսկու ղեկավարման օրոք, նորարարության ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում մեզ մոտ։ Ահա դա է փոխադարձ շարժումը՝ միմյանց ընդառաջ, հնարավորինս շատ տեղեկատվության ստացումը մեր երկու երկրների ներքին զարգացումների մասին, ինչպես նաև համատեղ քննարկումը հետագա համագործակցության նախագծերի շուրջ և ինչպես մեր երկու երկրները ավելի ակտիվ զարգացնեն իրենց փոխհարաբերությունները, ահա, այս ամենը կարող է դառնալ իսկապես հզոր իմպուլս երկկողմանի հարաբերությունները բարելավելու համար»,- նշել է քաղաքագետը։