Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաչատուր Քոքոբելյան
A A
Հասարակություն

Հարձակում նախկին պատգամավորին պատկանող ջերմոցի վրա․ նրա որդին, եղբայրն ու եղբորորդին վնասվածքներ են ստացել

Երեկ երեկոյան զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող, Աչաջուր գյուղում գտնվող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հարձակում են գործել անվտանգության աշխատակցի վրա, վերջինս  հասցրել է ահազանգել Քոքոբելյաններին, նաև ահազանգել է ոստիկանություն:

«Քոքոբելյանները հասել են դեպքի վայր այն ժամանակ, երբ հարձակում գործողները փորձել են պահակակետի պատուհանից դուրս քաշելով` հանել անվտանգության աշխատակցին: Տեսնելով, որ Քոքոբելյանները հասել են, հարձակում գործողները իջել  են մեքենայից և հարձակվել արդեն նրանց վրա ևս»:

Խաչատուր Քոքոբելյանը դեպքի վայում չի եղել, այնտեղ եղել են նրա որդին,  եղբայրը, եղբորոդին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել,-տեղեկացրեց Խաչատրյանը:

Հարձակում գործած անձինք այնուհետև դեպքի վայրից դիմել են փախուստի:

«Ոստիկանները զբաղվում են դեպքի քննությամբ, մեղավորների շրջանակը պարզում են, և հուսով ենք՝ շուտ կգտնեն և կձերբակալեն: Մեր ունեցած տեղեկությունով` այս պահին մեկ հոգի ձերբակալված կա»,-փոխանցեց նա:

Դրդապատճառների և այլնի վերաբերյալ մանրամասներ կամ ենթադրություններ չկան, -ասում է կուսակցության փոխնախագահը՝ հավելելով, որ ջերմոցը նորմալ աշխատել է, և որևէ խնդիր որոևէ մեկի հետ չի եղել: