Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Բա չգիտեի՞ք, որ քրեակատարողական հիմնարկը ձեր հանգրվանն է լինելու, լա՛վ գիտեիք». Քլոյանը՝ Քոչարյանին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  հերթական դատական նիստը։  Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նախ ընդգծեց, որ պաշտպանական կողմն իր գործողություններով հետաձգում է դատական նիստերը՝ ի հակադրում Ալումյանի այն պնդումների, թե վարույթն իրականացնող ղմարմինը հատուկ ջանասիրություն չի ցուցաբերում այս գործով:

Նա հիշեցրեց՝ խափանման միջոցի փոփոխության հարցերը մի քանի անգամ քննության առարկա են դարձել: Կրկին մատնանշեց խափանման միջոցի փոփոխման դեպքում հնարավոր  ռիսկերի առկայությունը և ընդգծեց, որ որևէ ռիսկ չի նվազել: Մասնավորապես, Քոչարյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը, կապերը, հեղինակությունը ինչպես կարող է ազդել անցնող անձանց վրա, խոչընդոտել արդարադատությանը:

«Կալանավորման հիմքերը որեւէ կերպ չեն նվազել, ավելին՝ այդ ռիսկերը գնալով ավելանում են»,- ասաց Պետրոսյանը:

Վերջինս համարեց, որ ներկայացրած միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման:

Ինչ վերաբերում է պաշտպանների դիտարկումներին կապված կորոնավիրուսի տարածման ռիսկերի հետ և իրենց պաշտպանյալի խոցելի խմբում գտնվելու հետ, դատախազը ասաց, որ ներկայցված միջազգային որևէ փաստաթղում չկա ուղիղ որևէ արձանագրում, որ պետությունները պարտավոր են խոցելի խմբում գտնվող անձանց համավարակով պայմանավորված առանց հիմքերին անդրադառնալու ազատ արձակել:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը ևս դատարանին առաջարկեց մերժել ներկայացված միջնորդությունները, քանի որ, ըստ նրա, դրանք հիմնավոր չեն: Դատախազը  անդրադարձավ պաշտպանական կողմի այն պնդումներին, թե այսօր Շուշիի ազատագրման օրն է և իրենց պաշտպանյալը ավանդ ունի Արցախյան ազատամարտում:

«Որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չէ »,- ասաց դատախազը: Պաշտպանական կողմը հակադարձեց, սակայն լսելի չեղավ:

Դատարանում ելույթ ունեցավ նաև 2008-ի Մարտի մեկին Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա Անդրադարձավ վարչապետերի միջնորդությանը.

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին Քլոյանը հիշեցրեց Լեւոն Հայրապետյանի մասին, կարևորեց նրա ներդրումը Արցախի շենացման գործում.

 «Գնայիք Մոսկվա, միջնորդություն ներկայացնեիք, որ ազատության մեջ լիներ: Այդ լավ մարդուն ինչո՞ւ չօգնեցիք»,- հարցրեց Սարգիս Քլոյանը:

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների պայմաններին, Քլոյանը հարց բարձրացրեց, թե նախագահ լինելով ինչո՞ւ Քոչարյանը չի բարեկարգել դրանք.

«Բա չգիտեի՞ք, որ ձեր հանգրվանն է լինելու,  լա՛վ գիտեիք»: