Բացել լրահոսը Փակել լրահոսը
Annotation4
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով վարակված երեխաների բարդացած դեպքերի բուժօգնությունը՝ «Արաբկիր» բժշկական համալիրում

Առողջապահության նախարարության ծրագրով՝ COVID-19-ով վարակված երեխաների բարդացած, ինչպես նաեւ տարբեր հիվանդություններով զուգակցված դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը:

Աշխատանքը կազմակերպելու համար համալիրը բաժանվել է երեք մասի.

Առաջինը COVID-վարակված պացիենտներին սպասարկող մասն է,  որտեղ 1 ամիս անընդմեջ աշխատել են բուժաշխատողները` երկու հերթափոխով, իզոլացված պայմաններում: 

Երկրորդ մասը COVID-կասկածելի եւ կոնտակտավոր պացիենտների ժամանակավոր մեկուսացման բաժանմունքն է, որտեղ իրականացվում է COVID-թեստավորում: Այս բաժնում նույնպես բուժաշխատողների մի մասը գտնվում էր մեկուսացված պայմաններում։

Երրորդ մասում բժշկական օգնություն են ստանում այն պացիենտները, որոնց  COVID-թեստը տվել է բացասական պատասխան կամ  նրանք ի սկզբանե չեն համարվել COVID-կասկածելի: 

Մտավախությունը, թե COVID-կասկածելի, կոնտակտավոր եւ հաստատված պացիենտների հետ աշխատողները վաղ թե ուշ վարակվում են կորոնավիրուսով, փարատվել է` շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ի  թիմի անթերի աշխատանքի: COVID-19-ը սպասարկող մեր բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման եւ ստացել բացասական պատասխան:  

«Իզոլացված թոքաբանական /COVID/» եւ  «Ժամանակավոր մեկուսացման» բաժանմունքներում  աշխատանքը կազմակերպվել է հատուկ պաշտպանիչ համազգեստով եւ անհատական պաշտպանության մյուս միջոցներով: Նախքան այս բաժիններ աշխատանքի մտնելը բուժաշխատողները հատուկ դասընթաց են անցել. բժշկական համալիրի համաճարակաբանը նրանց սովորեցրել է աշխատանքի անվտանգության եւ կանխարգելիչ վարքագծի կանոնները: 

COVID-19-ի նկատմամբ այս լոկալ հաղթանակը թույլ է տվել «Արաբկիր» ԲՀ-ին վերանայել աշխատանքի կազմակերպումը: Հատուկ բաժանմունքներում  հերթապահությամբ  աշխատող բուժքույրերն ու  սանիտարներն այսուհետ կկարողանան դուրս գալ բաժանմունքից եւ գիշերել տանը, իսկ բժիշկները COVID-պացիենտների առավոտյան համայցից հետո կշարունակեն իրենց աշխատանքը բժշկական համալիրում՝ սովորական ռեժիմով: 

Արտակարգ իրավիճակում բժշկական օգնության կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում, բայց ոչինչ չի կարող լինել ավելի թանկ, քան պացիենտների եւ բուժանձնակազմի առողջությունը: 

COVID-ը կարելի է հաղթել միայն պրոֆեսիոնալիզմով և կարգապահությամբ: 

«Արաբկիր» բժշկական համալիրը