«Շտապօգնության» 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 4-ից հետո «Շտապօգնության» կանչերը չեն ավելացել։
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասում է՝ հունվար-փետրվար ամիսներին ունեցել են կանչերի բավականին մեծ թիվ՝ օրական հասել է 900-950-ի։ Այսօր կազմում է օրական 600-650 կանչ։
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ «Շտապօգնության» անձնակազմից կորոնավիրուսի թեստը դրական է եղել 12-ի մոտ, բայց ասիմպտոմ վարակվածներ են և կլինիկական պատկեր չունեն, ուղղակի մեկուսացված են համապատասխան բուժհաստատություններում։
Անդրադառնալով աշխատակիցների պարգևատրմանը՝ ընկերության տնօրենն ասաց, որ Երևանի քաղաքապետի կողմից հատկացվել է գումար, որով պարգևատրվել են աշխատակիցները։
«Այն աշխատակիցները կոնկրետ, որոնք բուն օջախում են աշխատել՝ բժիշկներն են, բուժքույրերը և վարորդները։ Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները 70 հազար դրամի չափով։ «Շտապ օգնության» ծառայության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները (1-03 ծառայության, որտեղ որ կոնկրետ ստանում ենք «Շտապ օգնության» կանչերը), այդ կենտրոնում ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույրերը»,- մանրամասնեց նա։
Ամենամեծ խնդիրը, ըստ նրա, որ լուծվել է, հենց առաջին հիվանդին ախտորոշելուց հետո բրիգադի աշխատակիցների խնդիրն է եղել, երբ ձեռք են բերվել մեծաքանակ դիմակներ, խալաթներ, համապատասխան հագուստներ։
Թագուհի Ստեփանյանի խոսքերով՝ անկախ նրանից, որ ՇՕ մեքենան վթարի է ենթարկվում կամ անսարք է լինում, բավականին արագ հարցը լուծվում է, և կան նաև ռեզերվային մեքենաներ, որոնք փոխարինում են։
Մարտ, ապրիլ ամիսների և մինչև մայիս 6-ը ընկած ժամանակահատվածում, «Շտապօգնության» տնօրենի փոխանցմամբ, կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 2333 հիվանդ։
«Այն հիվանդներն են, որոնք ունեն սուր շնչառական պրոբլեմներ, սուր շնչառական հիվանդություններին բնորոշ պրոբլեմներ, ինչպես նաե թոքաբորբի կասկած․ նման հիվանդներին տեղափոխել ենք»,- ընդգծեց նա։
Երևանի «Շտապօգնությունը» բժշկական պարագաների, համապատասխան համազգեստի խնդիր չունի։ Ինչ վերաբերում է այն աշխատակցիներին, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուվ վարակված պացիենտների հետ, Ստեփանյանը նշեց, որ ըմբռնումով են մոտեցել նրանց։
«Մանավանդ տարիքի հետ կապված՝ ունենք բժիշկներ, բուժքույրեր, որոնք որ 55 տարեկանից բարձր են, 60 և ավելին։ Ընդհանրապես յուրաքանչյուր բժիշկ, վարորդ կամ բուժքույր, որը չի ցանկացել նման իրավիճակում աշխատել, այո՛, ըմբռնումով ենք մոտեցել։ Եղել են դեպքեր, երբ որ արձակուրդ են վերցրել համապատասխան աշխատակիցները; Եվ կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է։ Որովհետև նաև ունենք բժիշկների, բուժքույրերի բանակ, որոնք բացարձակ վախեցած չեն իրավիճակից։ Եվ պատրաստակամ, իրենց ցանկությունն են առաջարկել աշխատելու «Շտապօգնությունում»։ Եվ երևի թե, ամեն օր դիմում են նման մասնագետները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում