Նախարարը հավանական է համարում, որ մայիսի վերջին մինչև 10 000 վարակված լինի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի աճին, հորդորում է անկախ սահմանափակումների թուլացումից, պահպանել անհրաժեշտ կանոնները, սոցիալական հեռավորությունը, 20 հոգուց ավել մեկ վայրում չհավաքվել, կուտակումներ չառաջացնել։
«Իմ, Ձեր, բոլորի վարքագիծն է պայմանավորելու թիվը, մենք մայիսին ունենալո՞ւ ենք 10 000, թե՞ 50 000 դեպք, եթե ունենանք 10 000, վատ է, որովհետև ավելի շատ է, քան այօրվա դեպքերը, լավ է 50 000-ից, որը մենք չենք կարողանալու կառավարել, իսկ 10 000-ին կկարողանք կառավարել։ Բոլոր երկրներն էլ անցնում են այս փուլերով։ Սահմանափակումների վերացումը ինչքան էլ, որ կնպաստի ավելացմանը, բայց պիտի նաև խոստովանեմ, որ անխուսափելի է, հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակում»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Հարցին, թե մինչև մայիսի վերջ նախնական տվյալների համաձայն Հայաստանում քանի՞ մարդ կորոնավիրուսով վարակված կլինի, Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ 10 000-ը հավանական է համարում։ Կարանտինի ընթացքում, ըստ նախարարի՝ ամեն ինչ արել են, որպեսզի տնտեսվարողները անհրաժեշտ կանոններին տիրապետեն և հետագայում աշխատելու պարագայում հետևեն այդ կանոններին, ապահովելով թե՛ աշխատողների, թե՛ ծառայություններից օգտվողների անվտանգությունը։ Իսկ եթե չհետևեն այդ կանոններին, ապա նախարարը զգուշացնում է․
«Բերելու է պատասխանատվության, եթե դրանք չպահպանվեն»։
Այնուամենայնիվ, նախարարը չի բացառում , որ հնարավոր է կրկին արտակարգ դրությունը երկարաձգվի, սակայն սահմանափակումները կմեղմվեն։ Հարցին, թե կորոնավիրուսը մարդու օրգանիզմի վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել, և առհասարակ թողնո՞ւմ է, Արսեն Թորոսյանն ասաց, որ այնպիսի տեղեկության չի տիրապետում, որի համաձայն՝ վիրուսը ազդեցություն ունենում է մարդու վրա։
«Դուրս գրված մեր քաղաքացիները որևէ մնացորդային առողջական երևույթներ չեն նշում»,- ասաց նա։
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում։