Մահվան մասին լուրերից հետո առաջին անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնվել է հասարակության առաջ
Աջակցիր «Ա1+»-ինՏեւական ժամանակ է՝ միջազգային հանրությունը քննարկում է՝ ի վերջո ո՞ղջ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը , թե՞ մահացել է, ինչպես գրում էին բազմաթիվ ԶԼՄ-ներ՝ ամենատարբեր աղբյուրներին հղումներով։
Նախ լուրեր տարածվեցին, թե Կիմ Չեն Ինը սրտի վիրահատության է ենթարկվել, ապա նշվեց, որ վիրահատությունն անհաջող է անցել, նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Որոշ պարբերականներ նշում էին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «բույսի» է վերածվել, ոմանք պնդում՝ իրենց աղբյուրները նշում են, թե մահացել է։
Պաշտոնական տեղեկություն, սակայն, չկար։
Եվ ահա նախօրեին, ի հեճուկս բոլոր այդ տեղեկությունների, Կիմ Չեն Ինը հայտնվել է հասարակության առաջ։ Նա մասնակցել է պարարտանյութերի արտադրության Սունչհոնի գործարանի բացման արարողությանը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Արարողությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին և նվիրված է եղել Աշխատավորների միջազգային օրվան։
Հրապարակված լուսանկարներում Կիմ Չեն Ինը պատկերված է երկրի ղեկավարությամբ շրջապատված։ Նա շրջել է արտադրամասերով, ծանոթացել ֆոսֆորի արտադրության և դրա հիմքի վրա գյուղատնտեսության համար պարարտանյութի ստացման գործընթացին։