ԱԺ պատգամավորը մտահոգված է Հայաստանի մարզիկների ներկայիս կարգավիճակով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, կարծում է, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում Հայաստանում կարելի էր որոշակի քայլեր անել սպորտի բնագավառում, սակայն դրանք չեն արվել: Այդ կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել մի քանի առաջարկություններով.
- Ազգային հավաքականներին՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների (գոնե հիմնական 10 մարզաձևերից), առավելագույնը 20 հոգանոց խմբերով մեկուսացում սպորտային որոշակի ենթակառուցվածք ունեցող վայրերում (օրինակ՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ և այլն...)։ Ի դեպ, դրա համար բացարձակ կարևոր չէ, որ լինեն պրոֆեսիոնալ պայմաններ։ Անհրաժեշտ է միայն մեկուսացումը լինի բնությանը մոտ և հյուրանոցն ունենա միջին մակարդակի ֆիտնես դահլիճ։ Դրանով միանգամից մի քանի խնդիր կլուծվեր.
1.1 - Լրջորեն կնվազեր մարզիկների վարակվելու ռիսկը
1.2 - Մարզիկները կպահպանեին իրենց նորմալ մարզավիճակը (հակառակ դեպքում, 2 ամիս չմարզվելու պարագայում, առնվազն 3-4 ամիս պետք է լինելու վերականգնվելու համար...)
1.3 - Մարզիկները ստիպված չէին լինի պարետի կարգավորումները խախտել (հիմա շատերը ստիպված խախտում են, քանի որ մարզիկի համար մարզումը գրեթե նույն բանն է, ինչ սնունդը...)
1.4 - Կաշխատեր տվյալ շրջանի հյուրանոցային ենթակառուցվածքը՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով (աշխատողներ, շրջանառություն և այլն...)
1.5 - Մի շատ կարևոր գործոն՝ այդ ամենի համար պետք չէին լրացուցիչ միջոցներ։ Այդ միջոցները տարեսկզբից հատկացված էին ֆեդերացիաներին։ Ուղղակի պետք էր կազմակերպել և թույլ տալ, որ դրանք իրենց բնականոն ձևով ծախսվեին մարզումային պրոցեսի վրա՝ ԱԴ պայմաններում։ Իսկ հիմա ստացվելու է, որ տարեվերջին այդ բնագավառում բյուջեն չի կատարվել (գոնե արդյունավետ...)՝ դրանից բխող բացասական հետևանքներով...
- Կարելի էր կազմակերպել հայտնի մարզիկների մասնակցությամբ on-line մարզումներ, որը ինչ-որ հարթակով կհեռարձակվեր հանրության համար...
- Ֆիտնես մարզիչների մասնակցությամբ կարելի էր մարզումներ կազմակերպել բակերում՝ կա՜մ հասարակական հեռավորությունը պահելով՝ 15-20 հոգանոց խմբերով, կա՛մ էլ մարդիկ պատշգամբներից կհետևեին մարզիչների հրահանգներին։ Մի բան, որ լայնորեն կիրառվում է Ֆրանսիայում...
- On-line վերապատրաստման սեմինարներ մարզիչների համար (տեսական մաս...)։ Սա կարելի էր իրականացնել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետ. ինստիտուտի ներգրավմամբ...
- Շաբաթը առնվազն 2-3 սպորտային ֆիլմերի ցուցադրման ապահովում հայկական ալիքներով՝ հայերենով։ Սա անչափ մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում...
Իրականում այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Կարող եք քոմենթներում ինքներդ ավելացնենք այն, ինչ դուք եք համարում կարևոր գործողություն նման պայմաններում՝ սպորտի և առողջ ապրելակերպի ոլորտում։
Հ.գ. 1 - Տարբեր հղումներ կկցեմ, որ ավելի պատկերավոր լինի ասածներս
Հ.գ. 2 - Անհրաժեշտ է ուղղակի մի փոքր սրտացավություն, որոշակի կրեատիվություն, և իհարկե, նաև ոլորտն համակարգող քիչ թե շատ գործից հասկացող մարդ։